Գերմանիայում նշել են խիստ կանոնների խախտման չպահպանման տուգանքների չափը, որոնք սահմանվել են նոր SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար։ Կորոնավիրուսային վարակից ամենաշատը տուժած Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի իշխանությունները, նոր կանոնները հաշվի առնելով, թարմացրել են տուգանքների չափերը։
Կորոնավիրուսի բռնկման հետ կապված նոր սահմանափակումների խախտողները ստիպված կլինեն 200-5000 եվրո վճարել, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ մինչեւ 25 000 եվրո։ Մասնավորապես, հիվանդանոցներ եւ ծերանոցներ այցելելու արգելքը խախտողներին կտուգանեն 200 եվրոյի չափով, հայտնում է DW-ն։
Նույնպիսի տուգանք է նախատեսված նրանց համար, ովքեր ռեստորաններից գնված ուտեստները եւ ըմպելիքները այդ հաստատություններից 50 մետրից քիչ հեռավորությամբ կօգտագործեն, ինչպես նաեւ շփումների սահմանափակումների կանոնները խախտողների համար։ Այսպես ավելի քան 10 մարդու հանդիպման համար նախատեսված է քրեական պատիժ՝ ընդհուպ 5 տարվա ազատազրկմամբ։
Պիկնիկ կազմակերպելու համար յուրաքանչյուր մասնակցին կտուգանեն 250 եվրոյի չափով։
5000 եվրոյի տուգանք ստիպված կլինեն վճարել այն բարերի, գիշերային ակումբների, խաղատների, ֆիթնես-ստուդիաների եւ սոլյարիների տերերը, որոնք դեռեւս աշխատում են՝ չնայած արգելքին։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետ Արմին Լաշետը քաղաքացիներին կոչ է արել պահպանել նոր կանոնները եւ շփման արգելքները։ Նա միաժամանակ նշել է, որ բոլոր խախտողները հետեւողականորեն եւ խստորեն կպատժվեն։ «Տուգանքների մեր ցանկը պարզություն է մտցնում բոլորի համար»,- նշել է նա։
Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում գրանցվել է վարակման 27 500 դեպք, որից 114 մարդ մահացել է։ Հիվանդացածների մեծ մասը՝ 6300 մարդ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում է։




























