Այն բանից հետո, երբ անցած դարի ութսունականներին ընդունվեց ֆրեոնների զանգվածային օգտագործումն արգելող Մոնրեալյան արձանագրությունը, Անտարկտիդայի վրայի օզոնային խոռոչը սկսեց աստիճանաբար փակվել, ինչը երկրի մակերեւույթի օզոնային շերտի վիճակով մտահոգ մարդկանց որոշակի լավատեսություն ներշնչեց։ Հիմա, սակայն, օզոնային խոռոչը գոյացել է երկրագնդի մյուս մասում՝ Արկտիկայի վրա; Այս անգամ ոչ թե ֆրեոնի, այլ համընդհանուր տաքացման պատճառով, հաղորդում է Planet- today-ը։ 

Nature պարբերականի տվյալներով, Արկտիկայի վրա օզոնային խոռոչներ արդեն գրանցվել էին 1997-ին եւ 2011-ին, սակայն նոր խոռոչը շատ ավելի մեծ է։ Չնայած իր ռեկորդային չափսերին, նոր խոռոչը դեռեւս սպառնալիք չի ստեղծում արկտիկական կյանքի համար, քանի որ արեւն այնտեղ բավական թույլ է լուսավորում։

Սակայն եթե Արկտիկայի վրա հայտնված օզոնային խոռոչը տեղաշարժվի դեպի ավելի ստորին հորիզոնականներ, որտեղ բնակչության խտությունը շատ ավելի մեծ է, ապա այն կարող է վերածվել շատ լուրջ վտանգի։

«Մենք ուշադիր հետեւում ենք Արկտիկայի վրայի օզոնային շերտում ընթացող պրոցեսներին։ Շատ լուրջ անհանգստության առիթ դեռ չկա, բայց իրադրությունը կարող է շատ սրընթաց փոխվել»,- ասում է Մերիլենդի համալսարանը (ԱՄՆ) ներկայացնող Ռոսս Սելավիչը։