Հայաստանի կառավարությունը` ի դեմս արդարադատության նախարարության, որոշել է որոշակի զիջումների գնալ խորհրդարանականներին հուզող դրույթների մասով: Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրինագծերի փաթեթի, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նշենք, որ Հայաստանում ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթաց կսկսվի: Տվյալ օրենսդրական փաթեթ ընդունումը համապատասխան մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, հնարավորություն կտա համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի գնման օրինականությունը եւ հայց ներկայացնել՝ տվյալ գույքը բռնագանձելու պահանջով եւ պարզելու դեպքում, որ գույքի գնումը հիմնավորված չէ եկամտի աղբյուրներով, եւ որ դրա արժեքը գերազանցում է 50 մլն դրամի շեմը (ավելի վաղ արդարադատության նախարարությունն առաջարկել էր սահմանել այս շեմը 25 միլիոն դրամի չափով): Տվյալ օրենսդրական նախաձեռնության նպատակը տնտեսական շրջանառությունից անօրինական գույքի առգրավումն ու դրա վերադարձն է օրինական սեփականտիրոջը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետությանը:
Ըստ ԱՆ-ի` այս օրենքի շահառուներն օրինապահ քաղաքացիները չեն, քանի որ ծրագրում թվարկված են կոնկրետ հանցատեսակներ` կազմակերպված հանցագործություն, թմրանյութերի անօրինական շրջանառություն, զենք, թրաֆիքինգ, կոռուպցիոն գործարքներ:



























