Տեղեկությունն այն մասին, որ Կառավարությունը հրաժարվել է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի համար 100 ավտոբուս գնելու նախագծի ֆինանսավորումից, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ապրիլի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա հավելեց, որ ավտոբուսների գնման մրցույթը նախապատրաստական փուլում է:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի վերջին պետք է հայտարարվեր մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի համար 100 ավտոբուսի գնման մրցույթ, որոնք պետք է ներմուծվեին աշնանը:
Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կառավարությունն ամբողջությամբ հրաժարվել է այդ նախագծի ֆինանսավորումից:





























