Բանկային համակարգի զարգացման համար անհրաժեշտ է բնակչությանն ապահովել ֆինանսական կրթությամբ եւ գրագիտության մակարդակի բարձրացմամբ: Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում թեկնածության հավանության հարցի քննարկման ժամանակ ասաց այդ պաշտոնի միակ հավակնորդ Մարտին Գալստյանը, ում առաջադրել է իշխող «Իմ քայլը» դաշինքը:
Նրա խոսքով՝ դրանից բացի, ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի ֆինանսներին հասանելության ընդլայնումը, մրցակցության եւ թափանցիկության մեծացումը: Գալստյանը նաեւ նշեց, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը Կենտրոնական բանկի կարեւորագույն հարցերից եւ խնդիրներից մեկն է: «Այս ոլորտում կատարվել են որոշակի փոփոխություններ: Բանկերի կյանքը դժվարացնելով՝ Կենտրոնական բանկը որոշել է, որ յուրաքանչյուր սպառող պետք ստորագրի, որ տեղյակ է իր վերցրած վարկի փաստացի տոկոսադրույքին: Վարկի փաստացի տոկոսադրույքը պետք է հստակ երեւա պայմանագրի առաջին էջում: Այստեղ աշխատանք շատ կա, բայց չի կարելի արտադրանքի իրացման նպատակով մարդկանց մոլորության մեջ գցել, այլ հակառակը՝ նրանց հնարավորություն տալ այդ վարկի միջոցով ինչ-որ բան անել»,- ասաց Գալստյանը:





























