Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ին որոշում է կայացրել 620 հազար դրամով նվազեցնել «Հայկական ժամանակ» օրաթերթի նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով նշանակված 3 մլն 620 հազար տուգանքը: Ի դեպ, դատավորը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ թերթում հերքում տպագրելու եւ Քոչարյանի փաստաբաններին փոխհատուցում վճարելու որոշումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին օրաթերթը լուր էր հրապարկել, թե Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեոն Քոչարյանը հայտնվել է Դուբայի ոստիկանատանը՝ սրճարաններից մեկում հարբելու եւ անկարգություն անելու համար: Քոչարյանների ընտանիքն իր պատվի վարկաբեկումը գնահատել էր 16 մլն դրամ եւ դիմել էր դատարան, սակայն դատարանը որոշել էր միայն 3 մլն 620 հազար դրամ տուգանել թերթին:

«Հայկական ժամանակից» NEWS.am-ին հայտնեցին, որ Վերաքննիչից հետո իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան, քանի որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը գնահատում են որպես ակնհայտ ապօրինություն: