Կորոնավիրուսի դեմ «կոլեկտիվ իմունիտետ» կարող է ձեւավորվել Ստոկհոլմում մի քանի շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Շվեդիայի համաճարակաբան Անդերս Տեգնելը:
«Շվեդիայում, հատկապես Ստոկհոլմում մենք հասել ենք պլատոյի, եւ մենք արդեն տեսնում ենք կոլեկտիվ իմունիտետի արդյունավետությունը: Մի քանի շաբաթ անց մենք կտեսնենք դրա հետեւանքները: Եվ երկրի մնացած մասերում եւս իրավիճակը կկայունանա»,-ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում:
Սակայն դեռ չկա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, եւ գիտնականներն ուսումնասիրում են՝ հնարավոր է արդյոք երկարատեւ իմունիտետ կորոնավիրուսով վարակվածների մոտ, քանի որ եղել են հաղորդագրություններ կրկնվող դեպքերի մասին:
Տեգնելի խոսքով՝ մոդելավորման տվյալները ցույց են տալիս, որ Ստոկհոլմն արդեն ունի իմունիտետ վիրուսի նկատմամբ:
Շվեդիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 15 222 դեպք, ինչը 2 անգամ ավելի շատ է, քան հարեւան Դանիայում (վարակման 8108 եւ մահվան 370 դեպք) եւ Ֆինլանդիայում (վարակման 4000 եւ մահվան 141 դեպք):
Տեգնելի խոսքով՝ Շվեդիան շաբաթական մոտ 20 000 թեստ է անցկացնում, եւ նոր դեպքերի թիվը նվազում է:
Նա նշել է, որ մոտ ժամանակներս մի քանի հետազոտություն կհրապարակվի, որպեսզի հստակեցվի վարակման եւ վերականգնողական մակարդակը: Տվյալները ցույց են տալիս, որ Ստոկհոլմում վարակն իր գագաթնակետին արդեն հասել է:
Այն դեպքում, երբ շատ այլ երկրներ խիստ սահմանափակող միջոցներ են սահմանում, Շվեդիայում այլ մոտեցում է կիրառվում, որը հիմնված է հասարակության հանդեպ վստահության եւ կամավոր միջոցների վրա: Շվեդիայի կառավարությունը կոչ է անում տնից աշխատել, եթե դա հնարավոր է, խուսափել անհարկի ուղեւորություններից եւ սոցիալական հեռավարություն պահպանել: Միեւնույն ժամանակ, բաց են ռեստորանները, սրճարաններն ու ակումները, սակայն 50 մարդուց ավելի հավաքներն արգելված են: Բաց են նաեւ դպրոցներն ու համալսարանները, եւ մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով:





























