Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը նշել է, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է:

Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին եւս գոհունակություն է հայտնել ԵՄ -Հայաստան դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ եւ ասել, որ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության մեկնարկով Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները դուրս եկան որակական նոր մակարդակի:

Կողմերն անդրադարձել են նաեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եւ գոհունակությամբ նշել բանակցությունների ներկա փուլի հաջող ընթացքի մասին:

Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն մտքեր են փոխանակել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հաստատման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումների ընթացքում երկուստեք շեշտվել է, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնահարցի խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի: