Նախարարության կայացրած որոշումը՝ ամփոփել տարին մինչեւ առկա ուսուցման վերջնաժամկետը, որն ունեցել ենք հնարավորություն այս տարի ապահովելու մինչեւ ապրիլի 13-ը, միտված է նրան, որ ունենանք հավասար պայմաններ բոլորի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացի կազմակերպմանը նվիրված քննարկման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ ճիշտ չէ մոտեցումը, թե այդ դեպքում՝ անիմաստ է եղել հեռավար կրթության կազմակերպումը. «Իհարկե, ապրիլի 13-ից հետո տեղի ունեցածն իզուր չէր: Դա թույլ է տվել ապահովել կրթության շարունակականությունը, որպեսզի երեխաները դուրս չմնան կրթությունից: Այն թեմաները, որ անցել են այս ընթացքում, որեւէ երեխա չի կրկնելու եկող տարի, այսինքն ճանաչում ենք տեղի ունեցած գործընթացը:

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ մեր երկրում բոլոր երեխաները հավասար հասանելիություն չունեն. Մենք ունեցել ենք մեծ թվով երեխաներ, որոնք զրկված են եղել հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորությունից եւ այս երեխաները պետք է ունենան նույն պայմանները, ինչ մյուս երեխաները: Եթե մեզ մոտ ցանկացած ծնող կամ ուսուցիչ կարող է մտածել իր միջավայրի, իր շրջապատի դիրքից ելնելով որոշման մասին, պետականմարմինը հաշվի է առնում բոլոր երախենրի շահերը:

Այստեղ մենք փորձել ենք գտնել լուծումներ, որոնք խրախուսում են աշակերտներին: Եթե աշակերտը չունի գնահատական մինչեւ ապրիլի 13-ը, ապա տարին ամփոփվում է առաջին կիսամյակի արդյունքներով, եթե ունի մեկ գնահատական, ապա կարող է ընտրել»,-հայտարարեց փոխնախարարը:

Նա նաեւ նկատեց. «Ամբողջ աշխարհում խոսում են կրթական ճգնաժամի մասին, եւ իրոք, արտակարգ դրությունը կրթական գործընթացի ճգնաժամ էր, որովհետեւ ավելի քան 1,5 մլրդ սովորողներ զրկվեցին առկա կրթության հնարավորությունից, բայց դա նաեւ կրթական բում էր, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպես տարբվեր գործիքներով, տարբեր աղբյուրներով ուսումնական գործընթաց է կազմակերպվում:

Ես ուզում եմ շարունակել կրթական բումի տրամաբանությունը, որը մեզ կտանի ավելի համարձակ փոփոխությունների, որի կարիքը հանրակթությունում վաղուց կա»: