Ուրբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Taif Mining Services ընկերության իրանա-իրաքյան ծագմամբ սեփականատիրոջ՝ Ամիր Դիանաթի նկատմամբ՝ մեղադրելով նրան «Քուդս» ուժերին աջակցելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Ըստ սահմանված պատժամիջոցների՝ սառեցվել են Դիանաթի եւ նրա ընկերության ակտիվներն ԱՄՆ-ում: Բացի այդ, ամերիկացիներին արգելվել է գործարքներ կնքել նրա հետ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Դիանաթը երկար տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել «Քուդս»-ին մաքսանենգության հարցում՝ ներառյալ սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռների մատակարակմանն ուղղված ջանքերը:
Բացի սահմանված պատժամիջոցներից, ԱՄՆ Կոլումբիա շրջանի Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ Դիանաթի նկատմամբ՝ մեղադրելով նրան պատժամիջոցների խախտման եւ փողերի լվացման մեջ մասնակցության համար:
«Իրանյան ռեժիմն ու նրա կողմնակիցները շարունակում են մեծ ուշադրություն դարձնել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորմանը՝ որպես առաջնահերթություն՝ շրջանցելով իրանցի ժողովրդի առողջության եւ բարեկեցության շահերը»,-նշված է Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ:





























