Բրազիլիայի Մանաուս քաղաքի բանտում կալանավորները յոթ պահակների պատանդ են վերցրել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով բանտի ներկայացուցչին։
«Պուրակուկեարա» բանտում ապստամբության պատճառը դեռեւս հայտնի չէ, սակայն տեղական հեռուստաալիքները հեռարձակում են տեսանյութ, որում անհայտ կալանավորը բողոքում է բանտում շոգից եւ էլեկտրաէներգիայի անբավարարությունից։
Քրեակատարողական հաստատության ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ ապստամբող կալանավորները պահանջել են իրենց մոտ բերել ԶԼՄ-ների եւ մարդու իրավունքների կազմակերպությունների ներկայացուցիչների։
Զոհերի մասին տեղեկատվություն չկա։
Ոստիկանությունը կալանավորների հետ բանակցություններ է վարում։
Հայտնի է, որ Մանաուսում, որը Ամազոնիա նահանգում է, գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի առավել մեծ բռնկում։




























