Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը նորից կոչ է արել թվային հարկ մտցնել, եւ ասել է, թե կոնոավիրուսի հետ կապված ճգնաժամը նման հարկերը դարձրել է ավելի արդիական քան երբեւէ, հաղորդում է Reuters-ը։
Մոտ 140 երկրներ բանակցում են միջազգային հարկային կանոնների առաջին խոշոր վերանայման շուրջ՝ հաճախ ավելի ցածր հարկեր ունեցող երկրներում գրանցվող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների աճն ավելի լավ հաշվարկելու համար։
Մինչ ճգնաժամը Լե Մերը հայտարարում էր, որ եթե Փարիզում տեղակայված Տնտեսական համագործակցության կազմակերպության կազմակերպած բանակցություններն անհաջողությամբ ավարտվեն, ապա Եվրոպական միությունը պետք է սեփական թվային հարկ մտցնի։
«Այս ճգնաժամը ցույց է տալիս, որ լավագույն արդյունքների հասնում են թվային հսկաները, քանի որ նրանք ընդունակ են պահպանել իրենց բիզնեսները եւ, միաժամանակ, հենց նրանց վրա են դրվում ամենաքիչ հարկերը»,- ասել է նա՝ հավելելով․ «Թվային հարկման իմ առաջարկն արդիական է, քան երբեւէ, եւ ես հույս ունեմ, որ մեր եվրոպական գործընկերները կգիտակցեն թվային հսկաների հարկման բացարձակ անհրաժեշտությունը»։



























