Հայաստանի կրթության եւ գիտության նախաարությունը պետական նմուշի դիպլոմների կեղծմամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի միայն դատավարության ավարտին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով  Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից վնասազերծած, բուհերի դիպլոմներ կեղծող խմբի մասին լուրը։

«Առայժմ կարող եմ ասել, որ սա դիպլոմների կեղծման բացահայտված առաջին դեպքն է։ Եղե՞լ են նման դեպքեր նախկինում, թե՝ ոչ, հայտնի չէ։ Սակայն փաստ է, որ կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը եւ մշակված ծրագրերը միտված են կոռուպցիոն ռիսկերի եւ նմանօրինակ այլ դրսեւորումների նվազեցմանը»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը։

Հարցին, թե դեպքի առնչությամբ հանձնարարականներ տրվե՞լ են անձամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից, նա նշեց, որ այս առումով իրեն ոչինչ հայտնի չէ։

Նշենք, որ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները վնասազերծել են հանցավոր խումբ, որի կազմում եղել են կրթության նախարարության աշխատակից, դասախոս, դպրոցի տնօրեն, նախկինում դատապարտված մի քաղաքացի, այլ անձինք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էին, որ հանցավոր խմբի անդամ Համբարձում Ավոյանը, 2009թ. աշխատելով  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության տեսչավորման բաժնի պետի տեղակալ, Երեւանի ուկրաինական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանի եւ նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվել Հովհաննիսյանի հետ պատրաստել եւ Էդգար Հարությունյանի միջոցով 3500 դոլարով Էդվարդ Եղնանյանին է վաճառել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պետական նմուշի կեղծ դիպլոմ:

Գործարքը կայացել է Հարությունյանի ընկերոջ` Սարգիս Չիչյանի տանը: Ներկա եղել եւ բաժին է ստացել նաեւ վերջինիս հայրը` Վաղարշակ Չիչյանը:

Ավոյանն ու Մխիթարյանը նույնատիպ դիպլոմ են պատրաստել նաեւ Վաղարշակ Չիչյանի որդի Սարգիս Չիչյանի համար:

Ավոյանն ու Հովհաննիսյանը պատրաստել եւ մի քաղաքացուհու 300 դոլարով վաճառել են Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի կեղծ դիպլոմ:

Ավոյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ութամյա կրթության չորս լրացված վկայական։ Հայտնաբերվել են նաեւ կեղծ կնիքներ, որոնք առգրավվել են նշված կեղծ փաստաթղթերի հետ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: