Երեւանցիներից շատերը կարոտով են հիշում խորհրդային տարիներին մեծ շուքով նշվող Մայիսի 1-ի տոնը, շքերթներն ու բարձր տրամադրությունը, որ այդ օրը համակում էր անխտիր բոլորին։ NEWS.am-ի թղթակցի անցկացրած փոքրիկ հարցախույզը պարզեց, որ հիշում են եւ ափսոսում, որ մեր օրերում մարդիկ Մայիսի 1-ին այլեւս փողոց դուրս չեն գալիս, դրոշակներ չեն թափահարում ու աշխատավորի օրվա կապակցությամբ միմյանց չեն շնորհավորում։
«Դրանք հին ու բարի ժամանակներ էին, որ անցան ու դժվար վերադառնան։ Մայիսի 1-ն, իրոք, տոն էր, տարվա մեջ գեղեցիկ մի օր, երբ արժանին էր մատուցվում հայ աշխատավորին։ Դա մեծարման, ուրախության եւ հպարտության տոն էր, ափսոս որ հիմա տոնն այլեւս չի նշվում»,- ասաց 69-ամյա Կարինե Նիկողոսյանը, ով խորհրդային տարիներին որպես ուսուցչուհի է աշխատել։
Մայիսմեկյան տոնի մասին խոսելիս նոստալգիկ տրամադրություններ համակեցին նաեւ թոշակառու, մի ժամանակ ինժեներ աշխատած Լեւոն Բարխուդարյանին, ով ժպիտը դեմքին հիշեց, որ աշխատավորի օրվան իրենք երկար էին պատրաստվում, նոր հագուստներ էին գնում, ճոխ սեղաններ պատրաստում, շքերթների մասնակցում, իսկ երբեմն-երբեմն էլ Մայիսի 1-ի տոնին քաղաքից դուրս պիկնիկների գնում։
Իսկ ահա բուժքույր Սոնա Սարիբեկյանը կես կատակ-կես լուրջ հիշեց, որ այդ օրը հիմնարկից իրենց շքերթների տանում էին կամավոր-ստիպողական սկզբունքով, հաճախ՝ «զոռով», սակայն ինքը շատ է կարոտել այդ ժամանակներին եւ թեկուզ «զոռով», ինքն ուրախ կլիներ կմասնակցել տոնակատարություններին, որոնք, ցավոք, այլեւս չեն կազմակերպվում։ «Դա համազգային տոն էր, որի ժամանակ ողջ ժողովուրդն էր ցնծում։ Հիմա այնպես է ստացվում, որ ազգովի նշում ենք միայն Հայոց ցեղասպանության տարելիցները»,- ասաց նա։
Նշենք, որ մայիսի 1-ը Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում նշվում է իբրեւ աշխատավորների իրավունքների պաշտպանության օր։ Տոնն առաջին անգամ նշվել է 1890 թվականին:





























