Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ դիմում-բողոք է պատրաստել Սլովակիայում հավատարմագրված եւ Բրատիսլավայում, Վիեննայում ու Պրագայում գտնվող աշխարհի բոլոր երկրների դեսպանատներին, որը վերաբերում է շփման գծում Ադրբեջանի կողմից դիպուկահարների անօրինական գործողություններին:

«Օրերս ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանվել են երեք եւ վիրավորվել մեկ հայ զինծառայողներ ճիշտ այն ժամանակ, երբ տարածաշրջանային այցով Հայաստանում էին գտնվում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուն եւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ադրբեջանի նախագահ Ալիեւի վարած քաղաքականության արդյունքում մնում է անհասկանալի, թե ինչ նպատակով են տեղի  ունենում սահմանային միջադեպերը. տարածաշրջանի  «ստատուս քվոն» խախտելո՞ւ, թե՞ Ադրբեջանի ներքին քաղաքական լարված վիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար»,- ասված է նամակում:

ԵՀՄՖ-ն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ վարվող բանակցությունների արդյունքներից, արցախյան հարցի լուծումը` միայն եւ միայն խաղաղ ճանապարհով շարունակելու որոշումն իրականացնելու համար, պահանջում է Եվրոպայի առաջավոր երկրներից եւ միջազգային կազմակերպություններից կանխել արցախյան տարածաշրջանում միջադեպերի զարգացումը` կապված ադրբեջանցի դիպուկահարների գործունեության ծավալման հետ եւ կասեցնել խաղաղության մասին հայտարարություններ անող ու հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ պատերազմ հրահրող Իլհամ Ալիեւի գործունեությունը:

«Հակառակ դեպքում պայթունավտանգ այդ տարածաշրջանը կարող է վերահսկողությունից դուրս մնալ, իսկ դա հղի է ողջ Մեծ Մերձավոր Արեւելքում իրավիճակի պայթման հնարավորությամբ»,- ասված է ԵՀՄՖ բողոք-նամակում: