Հայաստանում նախկինում էլ չի եղել ժողովրդավարություն, բայց երբեք չի եղել այդպիսի վախի մթնոլորտ, ինչպիսին հիմա է: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» ծրագրին հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Իրավապաշտպանի համոզմամբ՝ որևէ երկրում մարդու իրավունքների մասին խոսելիս շատ կարևոր է գնահատական տալ այդ երկրի կառուցվածքին, այսինքն՝ «ինչպիսի՞ն է դատաիրավական համակարգը, արդյո՞ք այն գտնվում է քաղաքական իշխանության ազդեցության ներքո, թե՞ ոչ»:
Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում հեղափոխությունից հետո որևէ կառուցվածքային փոփոխություն չի եղել․
«Ավելին, եթե նախկին իշխանությունները ձևականորեն պահում էին անմեղության կանխավարկածի դրույթը, հիմա ճնշումներն առավել բացահայտ են դարձել: Հատկանշական է, որ աննախադեպ շատացել են ՄԻՊ-ին ուղղված դիմումները», ասել է իրավապաշտպանը եւ ողջունել, որ իր զեկույցում ՄԻՊ-ը նշել է անմեղության կանխավարկածի խախտման մասին։
«2018-ից հետո անմեղության կանխվարկածի խախտումը ոչ միայն առաջին դեմքի շուրթերից է ամենօրյա ռեժիմով հնչում, այլև նրան հաճոյացող պատգամավորների, իրավապահ մարմինների և Հանրային հեռուստաընկերության եթերով»:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանում նախկինում էլ չի եղել ժողովրդավարություն, «բայց երբեք չի եղել այդպիսի վախի մթնոլորտ, ինչպիսին հիմա է»․
«Այնպիսի մեխանիզմներ ստեղծեիք, որ այդքան դիմումներ չլինեին ՄԻՊ-ին, իսկ դուք ստեղծել եք ձեր իշխանությունը ամրապնդելու մեխանիզմներ», ասել է իրավապաշտպանը:
Հայաստանում մարդու իրավունքների բոլոր պաշտպանների նկատմամբ, երբ նրանք ինքնուրույնություն են ցուցաբերել, Ա․Իշխանյանի բառերով, միշտ էլ բացասական վերաբերմունք է եղել․
«Դա նոր երևույթ չէ: Ես նույնիսկ հիշում եմ այն պատգամավորի անունը, որը ՄԻՊ Կարեն Անդրեասյանի զեկույցի ներկայացման ժամանակ ծաղրեց նրան: Ուզում եմ արձանագրել այն փաստը, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը չներմուծվեց ոչ թե գիտակցաբար, այլ ԵԽ պահանջով», ասել է իրավապաշտպանը եւ ընդգծել, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը փոքր-ինչ տարբերվում է․
«Այն, որ իշխանությունը երբեք հանդուրժող չի եղել ընդդիմության հանդեպ, փաստ է, բայց այսպիսի անհանդուրժողական վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ իշխող ուժի կողմից, անկեղծ ասած, ես չեմ հիշում: Այդ պատգամավորը հավանաբար իրեն ցուցադրելու խնդիր ուներ: Երևի նա փոշմանել է, որ Մարուքյանին խփողներից մեկը չի եղել, և հիմա է ուզում աչքի ընկնել՝ ՄԻՊ-ի վրա հարձակվելով: Եվ ՄԻՊ-ը շատ արժանապատիվ պատասխանեց»:
«Իշխանությունները ցանկացած քննադատություն սադրանք են համարում: Որտե՞ղ է այդ սահմանը, և իսկապե՞ս սադրում են իշխանություններին» հարցին ի պատասխան Ավետիք Իշխանյանը․
«Բացարձակապես: Ուղղակի չեմ էլ ուզում խոսել դրա մասին. դա քաղաքականության այբուբենն է, որ ընդդիմության դերը քննադատելն է, իսկ ինչ վերաբերում է սադրանքին, ապա այն նույնպես Հայաստանի քաղաքական դաշտում շատ մեծ դեր է ունեցել, և հենց սադրանքն է այսօրվա իշխանության համար՝ որպես ընդդիմություն, եղել գործիք»:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, իրավապաշտպանն ասել է, որ այնպիսի քաղաքակիրթ ընդդիմություն, ինչպիսին «Լուսավոր Հայաստանն» է, պետք է երազեն ունենալ իշխանությունները, «բայց անգամ նրանց չեն հանդուրժում: Այդ անհանդուրժողականությունը գալիս է վարչապետից, և բոլորն ուզում են ցույց տալ իրենց նվիրվածությունը վարչապետին, և այդ սադրանքները գալիս են հենց նրանցից»:
«Ռոբերտ Քոչարյանի գործով 3 ամիս դատական նիստ տեղի չէր ունենում: Այս ամբողջ գործընթացի մեջ Երկրորդ նախագահի իրավունքների խախտում տեսնո՞ւմ եք» հարցին իրավապաշտպանն արձագանքել է․
«Մեծագույն ցավով պետք է նշեմ, որ այս 30 տարիների ընթացքում Հայաստանի հասարակական ուժերը, որոնք բազմիցս մասնակցել են մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր դասընթացների, ուր շեշտվել է, որ շատ կարևոր է արդար դատաքննության սկզբունքը, որ մարդու իրավունքները պետք է կիրառվեն ցանկացած անձի նկատմամբ՝ անկախ այն բանից, թե ինչպես ենք նրան վերաբերվում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը բացարձակապես այդ սկզբունքներից չի ելնում: Նրան դիտարկում են՝ որպես հանցագործ, և նրա իրավունքների մասին ընդհանրապես չեն խոսում: Եվ ցավալին այն է, որ այդպես են վարվում շատ իրավապաշտպաններ: Ես չեմ ուզում խոսել քրեական գործի մասին, ավարտին ես դրա վերաբերյալ իմ կարծիքը կասեմ, բայց այն, ինչ կատարվում է այս 2 տարում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, կարող եմ ասել, որ խախտված է նրա՝ արդար դատաքննության իրավունքը»:




























