ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդեն մի քանի օր է նախագահ Դոնալդ Թրամփից իրեն հեռու է պահում այն բանից հետո, երբ նրա մամուլի քարտուղարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, երեքշաբթի օրը հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին։

Փենսը ներկա չի եղել ոչ երկուշաբթի օրը Վարդագույն այգում Թրամփի մամուլի ասուլիսին, ոչ ամերիկյան զինվորականների ու ազգային անվտանգության ներկայացուցիչների հետ Սպիտակ տան հանդիպմանը այն բանից հետո, երբ նրա մամուլի քարտուղար Քեթի Միլլերի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։

«Փոխնախագահը որոշել է մի քանի օր հեռու պահել իրեն»,- ասել է Մակինանին։ Նրա խոսքերով՝ Փենսն ինքը կորոշի, թե երբ վերջացնի հեռավորության պահպանումը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Փենսը վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ կորոնավիրուսի թեսթ է հանձնել։ Երկու դեպքում էլ արդյունքը բացասական է եղել։