Հայաստանի կրթության եւ գիտության նախկին փոխնարարար Հարություն Կարապետյանը հրապարակել է «Գիտության ոլորտի բարեփոխման ծրագիր»։
«Ոլորտում առկա խնդիրները ոչ միայն արգելակում են ոլորտի զարգացումը, այլեւ ավելի բարվոք միջավայր են հանդիսանում դեռեւս գոյատեւող գիտատեխնիկական ներուժի ֆիզիկական եւ բարոյական քայքայման համար»,-նշված է ծրագրում։
Ծրագիրն առաջարկում է էապես ընդլայնել գիտության ֆինանսավորումը, որը ներկայում կազմում է տարեկան 9,4 մլրդ դրամ կամ պետբյուջեի եկամուտների ընդամենը 0.94 տոկոսը։ «Եթե հաշվի առնենք նաեւ, որ ճշգրիտ, բնական եւ տեխնիկական ոլորտներին տրամադրվում է այդ միջոցների մոտ 60–65 տոկոսը, ապա Հայաստանում բացառվում է գիտելիքահենք տնտեսության ձևավորման ու տնտեսության որակական առաջընթացի ակնկալիքը»,-գրում է հեղինակը։
Առաջարկվում է գիտությանը տրամադրել միջոցներ պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 1.5 տոկոսի չափով, որը հետագա`տարեկան 0.15 տոկոս աճի տեմպով կհատի պետբյուջեի ծախսային մասի 3 տոկոսի սահմանագիծը։
Գիտության ֆինանսավորման համար հնարավոր աղբյուր է դիտարկվում արտաբյուջետային միջոցների ներգրավվումը։ Այսինքն՝ ոլորտի զարգացման մեջ իրենց ուղղակի ներդրումը պետք է ունենան նաեւ Հայաստանի տարածքում շահույթ ստեղծող բոլոր սուբյեկտները։ Առաջակվում է մասնավոր սեկտորի շահույթից պետական հարկի տեսքով լրացուցիչ գանձել 0.5 տոկոս՝ ի նպաստ գիտության զարգացման։
Հեղինակն առաջարկում է վերացնել այսպես կոչված «բազային» ֆինանսավորումը, եւ բոլոր տեսակի փոխհատուցման ծախսերը՝ տարաբնույթ հավելավճարներն ու պատվովճարները։ Մասնավորապես՝ դա վերաբերում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից-անդամների «պատվովճարներին», որոնք, նախկին փոխնախարարի կարծիքով, կապ չունեն գիտական գործունեության հետ եւ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։





























