Բավական է ժողովրդի ուշադրությունը դատարկ հարցերով շեղեք այն դեպքում, երբ մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, մենք այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերլուծությամբ ենք զբաղված: Այս մասին լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում պետք է քաղաքական մթնոլորտ ձեւավորվի: «Խորհրդարանը բռունցքներ ցույց տալու տեղ չպետք է լինի: Մենք իսկապես դատապարտում ենք խորհրդարանում տեղի ունեցածը, քանի որ խոսքին պետք է խոսքով հակադարձել, իսկ կարծիքին՝ կարծիքով»,-ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ դրան գնահատական պետք է տան իրավապահ մարմինները: «Այդ միջադեպը մեր երկրի գլխավոր խնդիրը չէ: Այսօր մենք ունենք լրջագույն տնտեսական եւ սոցիալական խնդիրներ, արտաքին մարտահրավերներ, որոնք պետք է լուծել: Արհեստական օրակարգը վնասում է մեր երկրին»,-նշեց պատգամավորը: