Սա այն դեպքերից է, որը ցույց է տալիս, թե բազմաթիվ տաղանդավոր մասնագետների, որոնց իշխանությունը իբր թույլ չի տալիս գան երկիրը ծաղկացնեն, իրենց մասնագիտական տաղանդի մակարդակը որն է: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շաըտ ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, որ պետությունը ԿԲ-ի իր հաշվեհամարի վրա 300 մլրդ դրամից ավելի գումար ավանդ ունի, եւ ինչու այդ գումարը չի դրվում շրջանառության մեջ:
Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց. «Էդ որ խոսակցության թեմա են դարձրել, որ պետության բյուջեից 300 մլրդ դրամ դրված է ավանդ ԿԲ-ում, այդ մարդիկ պետք է հասկանան, թե ինչի մասին է խոսքը:
Բյուջեն ո՞նց է ձեւավորվում. Հարկերը հավաքվում է գանձապետական միասնական հաշվի վրա: Մի փուլ կա, երբ այդ փողը ոչ հարկ վճարողին է, ոչ էլ պետությանը: Որպեսզի այդ փողը իրենը կամ պետությանը լինի, ինքը պետք է հարկային հաշվետվություն լինի, որից հետո կհամարվի վճարում: Այդ ընթացքում փողը մնում է գանձապետական հաշվի վրա: Երբ դա դառնում է բյուջեի փող, այն ծախսվում է ըստ նախատեսված ուղղությունների: Ենթադրենք թոշակը տրվում է ամսի 5-ին, բայց էդ թոշակի գումարի մի մասը հավաքվում է ասենք, նախորդ տարվա 29-ին եւ 5 օր նա անելու բան չունի, մնում է գանձապետական հաշվին, որից տոկոս է աշխատում, որը նույնպես բյուջեի եկամուտ է:
Հաջորդը՝ շատ մեծ աղմուկ էր, որ ՊՈԱԿ-ների, այդ թվում թատրոնների, դպրոցների հաշվին եղած գումարները պետք է պահվեն մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Ենթադրենք, քաղաքացին տոմս առավ թատրոնի, թատրոնը պետք է այդ փողը ծախսի պատուհանը փոխելու համար, մինչեւ էդ տոմս առնելը եւ պատուհան փոխողին վճարելը ժամանակ է անցնում եւ այդ փողը պետք է ասենք մեկ ամիս սպասի: Հիմա այդ մեկ ամիսը փողը որտե՞ղ պետք է պահվի: Պետք է պահվի այդ հաշվեհամարին:
300 մլրդ գումար կա, բայց դա ստատիկ վիճակ չի, այդ գումարից գնում է, գալիս է, այսինքն ծախսեր են արվում, եկամուտներ են գալիս: Դա նույն 300 մլրդ դրամը չի, այդ թիվը նաեւ կարող է ավելանալ կամ պակասել»,-պարզաբանեց վարչապետը:
Նա նկատեց, որ իրենք 500 մլն դոլարի եվրապարտատոմս են թողարկել, դրանից մի կտորը՝ 50-100 մլն-ը պետք է փակվի սեպտեմբերին. «Ստացվում է, որ այդ գումարը մինչեւ սեպտեմբեր այդ հաշվի վրա պետք է մնա, թեեւ գիտենք, թե ինչի համար է այն ծախսվելու»:





























