Պարզվում է պատգամավոր եւ նախարար լինելը շատ ավելի նվազ պատասխանատու պաշտոն է, քան որեւէ նախարարություններում բաժնի պետ լինելը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչությունը:
Հայտարարությունում սվում է. «Ամեն օր լսում ենք թե իբր երիտասարդ կադրեր են անհրաժեշտ, այնինչ...
Մոտ մեկ ամիս առաջ, մեր Տխրունիական ընկերներից մեկը դիմեց Քաղաքաշինության կոմիտեում բաժնի պետի թափուր հաստիքի համար, դրանով միաժամանակ փորձելով աշխատաշուկայի թափանցիկությունը եւ արդարությունը։ «Զարմանալիորեն» մեկ շաբաթ անց մեր ընկերը նամակ ստացավ, որ նրան արգելվում է մասնակցել թափուր հաստիքի մրցույթին եւ չի թույլատրվում մասնակցել նույնիսկ հաստիքի համար անցկացվող քննություններին, քանի որ նրա աշխատանքային փորձը պակասում էր 1 եւ կես տարով։
Ի դեպ, այդտեղ չկա համապատասխան գերատեսչության կողմից ոչ մի օրենքի խախտում, սակայն փաստացի սա նշանակեց, որ գոյություն ունի համակարգային սխալ՝ ամրագրված օրենքներով, որոնք այլեւս չեն համապատասխանում ժամանակակից աշխարհի պահանջներին, ետ են մնում կյանքի բնականոն ընթացքից։ Նմանատիպ օրենքները նշանակում են, որ «գրանցված աշխատող» լինելը շատ ավելի կարեւոր է, քան մասնագետի մասնագիտական ունակությունները, սկզբունքայնությունը(միաժամանակ հաշվի առնենք, թե որքան դժվար է երիտասարդ կադրի համար մասնագիտական «գրանցված աշխատանքային փորձի» կուտակումը ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում )։
Վերը նշվածի հետեւանքը իհարկե հանգեցրել է ու շարունակելու է հանգեցնել վարչական աշխատանքների որակի նվազեցման, պետական ապարատի բազմաթիվ խափանումների։
Միաժամանակ հիշատակենք, որ այս ամենը կատարվում է զուգահեռ նրան, որ պետության իշխանական ամենապատասխանատու համակարգերում այսօր կան մարդիկ, որոնք ոչ միայն ունեն սակավ աշխատանքային փորձ (ինչպես մի շարք նախարարներ), այնպես էլ դրա բացարձակ բացակայություն (ինչպես մի շարք պատգամավորներ)։
Փաստորեն պարզվում է պատգամավոր եւ նախարար լինելը շատ ավելի նվազ պատասխանատու՞ պաշտոն է, քան նույն նախարարություններում (կոմիտեներում) բաժնի պետ լինե՞լը։
«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը գտնում է, որ այսօր մենք ունենք օրենքներով հաստատագրված անարդարություն, ինչը ոչ միայն ֆինանսատնտեսական հետեւանքներ է թողնում մեր հայրենիքի վրա, այլեւ հոգեբանական եւ ստիպում է մեր հայրենակից երիտասարդներին իրենց մասնագիտական հմտությունները ծառայեցնել օտար երկրներին։
Ավելի ուշ ՏՈԵՄ-ը հանդես կգա «Աշխատանքային օրենսգրքի» եւ դրա հետ կապված օրենքների վերաբերյալ մանրամասն վերլուծություններով, հայտարարություններով ու նախաձեռնություններով։
Հ.Գ. Ցավում ենք, որ օրենքով ամրագրված ու մեր հարկերից աշխատավարձ ստացող անձիք չեն զբաղվում նրանով ինչով մենք ստիպված ենք զբաղվել կամավոր հիմունքներով հենվելով միայն մեր ընկերների հայրենիքին ու գաղափարին նվիրվածության վրա, ինչը նույն անարդարությունը օրենքներով հաստատագրման հետեւանք է։





























