ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի 2019թ. նոյեմբերի 7-ի որոշումը (ԵԿԴ/0161/01/15):
Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաեւ ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են եւ ուղղորդող նշանակություն կարող են ունենալ փողերի լվացման դեմ ինչպես անդրազգային եւ ներպետական մակարդակում իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման, այնպես էլ ներկայումս քննվող եւ լայն հանրային հնչեղություն ունեցող գործերով քրեաիրավական ճիշտ որակումներ տալու եւ պատժի անխուսափելիության ապահովման միասնական պրակտիկայի ձեւավորման տեսանկյունից:
Մասնավորապես, 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով Հ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի (կեղծ ձեռնարկատիրությանը հանցակցության) 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3 -րդ մասի 1-ի կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման) եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերից խուսափելու), իսկ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Առաջին ատյանի դատարանի՝ 2017թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով Հ.Գեւորգյանը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, իսկ Հ.Չանախչյանը՝ դրան հանցակցության համար առաջադրված մեղադրանքներում ճանաչվել են անմեղ եւ արդարացվել։ Նույն դատավճռով իրենց մեղսագրվող մյուս հանցավոր արարքների կատարման համար նրանք դատապարտվել են ազատազրկման:
Արդարացման մասով մեղադրող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, մերժվել է:: Ըստ Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների՝ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները չեն հիմնավորել եւ ապացուցել, որ ամբաստանյալների կողմից օրինականացվել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարները:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բերել է վճռաբեկ բողոք՝ արդարացման մասով մասնակի բեկանելու ստորադաս դատարանների որոշումները եւ գործն ուղարկելու Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Բողոքում դատախազությունը դիքորոշում է հայտնել, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, իսկ գործով ձեռք բերված ապացույցներից ակնհայտ է, որ ծավալված հանցավոր գործունեության՝ կեղծ ձեռնարկատիրության եւ հարկերից խուսափելու արդյունքում առաջացել են ապօրինի դրամական միջոցներ, որոնք, մի ընկերության ակտիվներում ներառելով, այլ միջոցների հետ միախառնելով եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության պատրանք ստեղծելով, փոխանցվել են հանցավոր նպատակով ստեղծված այլ՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող առեւտրային կազմակերպության, որից հետո կանխիկացվել եւ վերադարձվել են փոխանցողին: Այս հանցավոր սխեման այլ կերպ, քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, հնարավոր չէ որակել:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով դատախազութան այս դիրքորոշմանը՝ ամբողջությամբ բավարարել է բողոքը՝ ՀՀ զարգացրել դեռեւս 2011թ. փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշմամբ արտահայտած իր դիրքորոշումները եւ ընդարձակել «փողերի լվացման» հասկացության իմաստն ու հանցակազմի էությունը:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների մեկնաբանության արդյունքում փաստել է, որ նշված հանցագործության կատարմամբ հանցավորն օրինական գործունեության շղարշի ներքո նպատակ է հետապնդում լեգիտիմացնել ստացված անօրինական գույքն ու եկամուտները, թաքցնելու դրանց ծագման հանցավոր աղբյուրը, վերացնելու դրանց հանցավոր հետքերը։ Այսինքն` տվյալ հանցագործության կատարմամբ` փողերի լվացմանն ուղղված գործողություններ կատարելու, անօրինական գույքն ու եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու միջոցով հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում դրանց օրինական տեսք հաղորդելուն եւ քրեական պատասխանատվությունից ազատվելուն։ Հետեւաբար, անձի արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելիս պետք է համակողմանի ուշադրության արժանացնել այն գործողությունների շղթան, անօրինական գույքի եւ եկամուտների քաղաքացիական շրջանառությունը` իր շրջափուլերով հանդերձ, որոնք ընդհանուր առմամբ կարող են վկայել հանցավորի` փողերի լվացմանն ուղղված դիտավորության առկայության մասին։ Ընդ որում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կոնկրետ ո՞ր օրինական քաղաքացիաիրավական գործարքի կատարման արդյունքում են օրինականացվել ձեռքբերված նյութական միջոցները եւ երկրորդ՝ գույքի ու եկամուտների օրինականացումը որքանով է փոխկապակցված ենթադրյալ հանցանքը կատարած անձի՝ «փողերի լվացման» դիտավորության հետ:


























