«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնել է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան - Դելյանովի անվան մրցանակ», որով կպարգեւատրեն հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանն առավել վնաս հասցրած գործիչներին եւ կազմակերպություններին: Մրցանակն ունի երեք աստիճան՝ առաջին կարգի օտարալեզ, երկրորդ կարգի օտարալեզ եւ երրորդ կարգի օտարալեզ` համապատասխանաբար ոսկի, արծաթե եւ բրոնզե մեդալներ`Աշոտյանի եւ Դելյանովի պատկերներով:
Քվեարկությունը բաց է մինչեւ 2011թ մայիսի 10-ը: Ներկայացված թեկնածուների թվում են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային Միաբանություն կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, «Դիլիջան միջազգաին դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամները, 69 պատգամավորներ եւ այլք:
Մրցանակի եւ հավակնորդների մասին մանրամասն տեղեկություններն ու քվեաթերթիկը հասանելի են http://bitly.com/ebhX4e-ում:
Քվեարկության արդյունքները կամփոփվի մայիսի 10-ից հետո:
Նշենք, որ մրցանակը կոչվում է Աշոտյան - Դելյանովի անվան, քանի որ, ըստ նախաձեռնող խմբի, Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացառիկ «ներդրում» ունեցավ օտարալեզու դպրոցների օրինագծի ստեղծման, պաշտպանման եւ ընդունման գործում, իսկ ազգությամբ հայ Դելյանովի (Դիլաքյան) Ռուսաստանի կայսրության լուսավորության նախարար լինելու օրոք (1882-1897 թթ) փակվել են հայկական դպրոցներ:





























