Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում այսօր հատկապես սուր է Հայաստանի համար գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը:  Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում եւ ԵՏՄ բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ:

Նրա խոսքով, Հայաստանը ելնում է նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵՏՄ ընդհանուր գազային շուկայում գներ ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները. «Մեր Միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այս նպատակին, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Միության կազմում որակապես ավելի խոր տնտեսական ինտեգրման համար»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ թեեւ չի հաջողվել կանխել կորոնավիրուսի նոր դեպքերի աճը՝ ՀՀ կառավարությունը գործնականում գրեթե ավարտել է խիստ սահմանափակիչ միջոցների կիրառման փուլը, և մայիսի 4-ից սկսել է իրականացնել համաճարակի դեմ պայքարի ապակենտրոնացված ռազմավարություն:

«Երեկվանից Հայաստանում հանվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները: Սակայն պահպանվել են սահմանափակումները կրթության, մշակույթի, զվարճանքի, հանգստի և հանրային միջոցառումների ոլորտում: Պետական հատվածն աշխատում է հիբրիդային մեթոդով՝ համատեղելով գրասենյակային և հեռավար աշխատանքը:

Այսպիսով, այս փուլում մենք ամբողջովին հանել ենք կարանտինը և դա բերել է նոր դեպքերի որոշակի աճի: Փոխարենը, սակայն, ներդրվել են խիստ սոցիալական և տնտեսական անվտանգության կանոններ՝ հաստատվել են արձանագրություններ և կանոնակարգեր, որոնք պարտադիր են բոլոր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և պետական հաստատությունների համար:

Խիստ սահմանափակումների կիրառման հայեցակարգը վերածվել է խիստ նորմերի և վարքի կանոնների պահպանման հայեցակարգի: Դրա արդյունավետությունը, իհարկե, կախված կլինի ամբողջ հասարակության պատասխանատվության աստիճանից:

Խիստ կարանտինի ժամանակահատվածում մենք կարողացանք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի առողջապահական համակարգի տարանցիկային հզորությունը բարձրացնելու համար»,-նշեց է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացվելու են իրավիճակի մշտադիտարկում. «Հուսով ենք, որ կարիք չի լինի վերադառնալ խիստ կարանտինային միջոցառումների կիրառմանը և կձևավորվեն պայմաններ՝ շարունակական համաճարակի պայմաններում հասարակության լիարժեք գործունեության և, մասնավորապես, տնտեսության գործունեության համար։

Զուգահեռաբար, կառավարությունն ընդունեց միջոցառումների փաթեթ` կարանտինի սոցիալ-տնտեսական հետևանքները և աճող տնտեսական ճգնաժամը մեղմելու համար: Այս միջոցառումները, բացի սոցիալական նշանակությունից, ուղղված էին նաև տնտեսության՝ «շաթդաունի» վիճակից շուտափույթ դուրս գալուն և հետճգնաժամային ժամանակահատվածում դրա զարգացման համար պայմանների ստեղծմանը»:

Վարչապետի խոսքով, Հայաստանին հաջողվել է կազմակերպել արդյունավետ վերահսկողություն մանրածախ ոլորտում, կանխել ապրանքների հնարավոր դեֆիցիտը և թույլ չտալ սպառողական գների զգալի աճ: Կենտրոնական բանկի օպերատիվ միջամտության շնորհիվ կանխվել են ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները և ապահովվել է դրա կայունությունը»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ համաճարակի և աճող ռեցեսիայի պայմաններում ԵՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման խնդրին. «Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները»: Համոզված ենք, որ այս փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն Միության ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը»,-ասաց նա:

Իր խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ: