Կառավարությունը նախապատրաստվում է լուծարել «ՁորաՀԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը; Դրա վերաբերյալ որոշման նախագիծը տեղակայված է կառավարության պաշտոնական կայքէջում` մայիսի 5-ի կառավարության նիստի օրակարգում:
Նշենք, որ որոշումը ներկայացրել է ոչ թե էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, այլ պաշտպանության նախարարությունը: Թե ինչու է պետական սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի կառավարման իրավունքը տրամադրվել պաշտպանության նախարարությանը` այնքան էլ պարզ չէ:
Պաշտպանության նախարարությունը ՀԷԿ-ի լուծարման անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ դրա ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ հիդրո» մասնավոր ընկերությանը:
Նշենք, որ Ձորագետի հիդրոկայանը համարվում է Հայաստանում խոշորագույններից մեկը, այն իր հզորությամբ համադրելի է Որոտանի ՀԷԿ-ի, Սեւան-Հրազդան կասկադի կայանների հետ:
Ձորագետը Դեբեդի վտակներից մեկն է; Համարվում է, որ գետի հիդրոռեսուրսները լիարժեք չեն օգտագործվում: Այս պահին Ձորագետի վրա կառուցվում է մեկ այլ` հզոր հիդրոկայան: Հավանաբար այդ պատճառով էլ պետական ՀԷԿ-ը վաճառվել է այդ ընկերությանը:





























