Թերթը գրում է, որ գրքի ու գրասիրության այս ամենամյա փառատոնը կազմակերպվում է արդեն 15 տարի եւ համարվում է ԱՄՆ-ի մշակութային խոշորագույն միջոցառումներից մեկը: Այս միջոցառմանն ամեն տարի մասնակցում են ավելի քան 130 հազար գրասերներ, հրատարակչությամբ, գրավաճառությամբ զբաղվող տասնյակ ընկերություններ: Այս տարի ներկայացված 300 տաղավարների մեջ առաջին անգամ տեղ էր հատկացվել նաեւ Հայաստանին:
«2 օր շարունակ փառատոնը ընթերցանության ու քննարկումների, մշակույթների ներկայացման, գրող-ընթերցող հանդիպման չընդմիջվող տոն դարձավ, երբ ընթերցողը նաեւ իր սիրած գրողների հետ մոտիկից շփվելու եւ նրանց ինքնագրերով գրքեր գնելու հնարավորություն ունեցավ: Այս անգամ միջոցառմանը մասնակցեցին 400 հեղինակներ, որոնք բազմազգ ԱՄՆ-ի ամենաբազմազան մշակույթների ներկայացուցիչներ էին:
Հայկական տաղավարը նվիրված էր հայկական գրատպության 500 ամյակին: Ցուցադրանքում էին մեր մանրանկարչությունը, ճարտարապետությունը, միջնադարյան քնարերգությունը, ժամանակակից սփյուռքահայ եւ հայաստանցի գրողների ստեղծագործությունները, նաեւ անգլերենով Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող գրքեր: Ցուցադրանքում, ի դեպ, հատուկ տեղ կար նաեւ Ցեղասպանությանը վերաբերող հրատարակություններին: Մեծ հետաքրքրություն առաջացրեցին հատկապես տեսաերիզներն ու ձայնասկավառակները:
…Հայկական տաղավարը նորություն էր փառատոնի սիրահարների համար, այցելուներից շատերն էին կանգ առնում դրա առջեւ, եւ զարմանալիորեն, առաջին բառը, որ հնչում էր նրանց շուրթերից, Ցեղասպանության մասին հիշատակումն էր:
Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս Գեւորգ Պարտաքճյանին մտահոգում էր այն փաստը, որ փառատոնին հայ ացելուների մասնակցությունը այնքան էլ նշանակալից չէր, եւ անկասկած, շատ կարեւոր էր միջոցառնման մասին կանխավ եւ լիարժեք տեղեկացնել նաեւ հայ համայնքին:
Սփյուռքում, հակառակ Հայաստանի, հայ գրքի ու գրասիրության հանդեպ սերը, մեղմ ասած, այնքան էլ արտահայտված չէ: Եվ սա խնդիր է, որի մասին համայնքը պիտի մտահոգվի»,- գրում է «Ազգը»:





























