Ռուսաստանի Լենինգրադի մարզում տեղի է ունեցել ժամկետային զինծառայողների զանգվածային ծեծ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, «Պետերբուրգի զինվորների մայրեր» կազմակերպությանն են դիմել ժամկետային զինծառայող Վլադիմիր Ռոմանովն ու պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Բենեցկին, որոնց ծեծել էին Լենինգրադի մարզի զորամասում: Նրանք պատմել են, որ շաբաթ օրը գիշերը նրանց զորանոցում են հայտնվել 3 հարբած սերժանտներ եւ մինչեւ առավոտ հերթով ծեծել են 16 զինվորների: Նրանցից մեկի ծնոտն են ջարդել: Շաբաթ օրն առավոտյան Վլադիմիր Ռոմանովի հայրը ցանկացել է իր որդուն տանել բժշկի, սակայն զինվորականների խումբը՝ վաշտի հրամանատար կապիտան Օլեգ Տարասովի գլխավորությամբ, ծեծել են հորն ու որդուն: «Պետերբուրգի զինվորների մայրեր» կազմակերպության ղեկավար Էլլա Պոլյակովան հայտարարել է, որ զինվորական քննիչները դեռեւս մեղադրում են հենց տուժողներին:

Միաժամանակ, նախաքննական ստուգումների արդյունքում երկու հոգու ծեծված լինելու հանգամանքը մասնակիորեն հաստատվել է:Շարքային Լոգինովը կոտրված ծնոտով հոսպիտալացվել է 442-րդ մարզային հոսպիտալ: Նախնական տվյալներով, հաստատվել է նաեւ զանգվածային ծեծի փաստը: Հետաքննությունը ներկայում շարունակվում է, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Դրանից հետո պետք է լուծվի ոչ կանոնադրական հարաբերությունների փաստով քրեական գործի հարուցման հարցը: