Վերջին ամիսներին զարմանալի անդորր է տիրում Հայաստանի ներքաղաքական դաշտում։ «Արմատական» ընդդիմության բողոքի եզակի գործողությունները, «ազգայնական» ուժերի փոքրաթիվ ցույցերն անհամ են ու անհամոզիչ, հատկապես Սփյուռքի ակտիվության համապատկերում։
Պարադոքսը կարելի է նկարագրել հետեւյալ կերպ. Հայաստանի քաղաքական կյանքը դուրս է եկել հանրապետությունից եւ այսօր զարգանում է նրա սահմաններից հեռու։ Հիմնական նյուզմեյքերները ոչ թե պատգամավորներն ու նախարարներն են, ընդհակառակը, նրանց լսելն օրեցօր անհետաքրքիր է դառնում, ոչ ընդդիմադիր գործիչները. դե ինչ նոր բան կարող է ասել Ստեփան Դեմիրճյանը կամ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ հայաստանցիներին անհայտ Սփյուռքի ակտիվիստներն ու վերլուծաբանները։ Երկրի ներսում ամեն բան ասված է, սակայն գործընթացները շարունակում են զարգանալ։ Այսօր գործընթացների նկատմամբ հստակ ու անկեղծ ընդվզում է արտահայտում Սփյուռքը։ Ռազմավարական տեսանկյունից Սփյուռքի քաղաքականացումը, նրա ուժերի համախմբումը, պայքարի նոր հիմնավորումը մեծ եւ կարեւոր գործընթաց են Հայաստանի համար, որը ապագայում կարող է բարձրացնել նրա միջազգային վարկանիշը։ Ակնհայտ է, որ հենց հրեական համայնքի համախմբման ու շեշտադրված միակողմ աշխատանքի շնորհիվ է, որ Իսրայել պետության դիրքորոշումները երբեք չեն սահմանափակվել արաբական աշխարհի հետ գոյատեւման պայքարով։ Այլ բան է, որ հայկական սփյուռքն այսօր, իր բողոքի ողջ զգայականության, իր երկյուղների ողջ իրավացիության պարագայում, այնուամենայնիվ, աշխատում է այն իրականությունից կտրված, որում գտնվում է հենց Հայաստանը։ Եվ դրա վկաներն են հանրապետության ընդդիմադիր ճամբարի պասիվությունն ու ապակողմնորոշումը։
Ներքին բողոքը չի հասունանում այն պարզ պատճառով, որ գոյացել է երկրի զարգացման գաղափարների, գաղափարախոսության ու ռազմավարության սարսափելի դեֆիցիտ։ Արտաքին քաղաքական փակուղուց դուրս գալը կարող է զգալիորեն աշխուժացնել երկրի ներքին իրավիճակը այն առումով, որ հենց այդ նույն ընդդիմադիրները հնարավորություն կունենան վերլուծելու թարմ իրադարձությունները, այլ ոչ թե մտածել այն բանի շուրջ, ինչպես լուցկուերկու տուփից ակվարիում հավաքել։
Այդ տեսանկյունից Սփյուռքը դիմում է հավերժական արժեքների՝ չփորձելով կանխագուշակել որպես պետություն Հայաստանի զարգացման սցենարները, տարածաշրջանային մարտահրավերների հետեւանքները։ Այն ելնում է իր շահերից եւ բուռն կերպով պաշտպանում է դրանք։ Դա օբյեկտիվ է։ Սակայն հարկավոր է ընդունել, որ Սփյուռքի ցասումը պետք է, ինչպես եւ նախկինում, ուղղված լինի Թուրքիայի դեմ, այլ ոչ թե սեփական երկրի։ Միայն հայ ժողովրդի երկու ձեռքերի միջեւ դերերի բաժանումը, որոնք են, անկասկած, Հայաստանն ու Սփյուռքը, կարող է բերել երկար սպասված պտուղները։ Մեկ ձեռքը պետք է շոյի, մյուսը՝ խփի։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք էֆեկտի հույս ակնկալել։ Հայաստանի որոշ առումով Սփյուռքի պատանդն է, որն մնացել է այստեղ՝ մարտի դաշտում, թշնամական ամուր շրջափակման մեջ։ Հաշվի չառնել այդ նրբանկատ իրավիճակը, նշանակում է խաղալ հօգուտ Թուրքիայի, որի խնդիրը հստակորեն նկարագրել է վարչապետ Էրդողանը. «Հայաստանին հարկավոր չէ Սփյուռքը, նա ոչ մի օգուտ չի տալիս»։
Արմեն Գեւորգյան




























