ИноСМИ-ն հրապարակել է գերմանական Der Spiegel պարբերականի խմբագրական հոդվածը, որը նվիրված է Եվրատեսիլ-2011-ում Ադրբեջանի հաղթանակին եւ այդ երկրին:
Ադրբեջանը Կովկասյան տարածաշրջանի խոշորագույն երկիրն է եւ Դյուսելդորֆում տարած հաղթանակի շնորհիվ Եվրատեսիլը հաջորդ տարի կանցկացվի հենց այդ երկրում: Դրա շնորհիվ Ադրբեջանը մարդու իրավունքների բնագավառում ունեցած խայտառակ թերություններով ու ոչ լիարժեք ժողովրդավարությամբ կհայտնվի ուշադրության կենտրոնում:
Ադրբեջանը մի երկիր է, որը համաշխարհային ընդգրկմամբ քիչ հայտնի է, սակայն մեծ ներդրում արեց այս տարվա ելույթի մեջ, Էլլայի եւ Նիկիի շնորհիվ ճանապարհ հարթեց Եվրատեսիլում երկրի համար հաղթանակ նվաճելու համար: Հաղթանակի շնորհիվ 2012 թվականին առնվազն մեկ շաբաթ երկրի մայրաքաղաք Բաքուն կհայտնվի 125-150 միլիոն հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում: Էլդար Գասիմովն ու Նիգյար Ջամալը հաղթեցին արեւմտյան R&B ոճի «Running Scared» երգով:
Դյուսելդորֆում նրանց տարած հաղթանակը նշանակում է, որ հաջորդ տարի մրցույթը կընդունի Ադրբեջանը եւ ամենայն հավանականությամբ այդ երկրի մայրաքաղաք Բաքուն, որը Կասպից ծովի ափին է: Վերջին տարիներին այդ քաղաքը հարուստ բնական պաշարների շնորհիվ հսկայական շինարարական բում է ունեցել: Կոնտրաստներն այդ քաղաքում ամենավառն են տարածաշրջանում: Շինարարական վերելքը բերեց քաղաքի պատմական հատվածի զանգվածային վերականգնմանը: Դրա մի մասը ՅՈւՆԵՍԿՕ-ն ճանաչել է համաշխարհային ժառանգություն: Քաղաքում նաեւ հայտնվել են շքեղ խանութներ, որոնք բավարարում են հարստացող բնակչության պահանջները:
Բաքուն հանդես է գալիս որպես երկրի նորօրյա բարգավաճման գեղարվեստական բացիկ, բայց նաեւ արտացոլում է աճող հակադրությունները: Խորհրդային անցյալը հիշեցնող ժանգոտած Լադաների կողքով սուրում են թանկարժեք Մերսեդեսները: Պատմական հին քաղաքի փողոցներում թանկ կասպիական խավիար գտնելը նույնքան դյուրին է, որքան` շաուրմայի վրանները, որոնք հիշեցնում են Թուրքիայի հետ ունեցած մշակութային կապերը:
Բնակչության 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ
9 միլիոն բնակչությամբ երկիրը Բաքվից դուրս ապրում է թշվառության մեջ: Բնակիչների 40 տոկոսն աղքատ է: Բնական հարստություններից ստացվող եկամտի մեծ մասը գնում է տարբեր կլանների եւ երկրի էլիտայի գրպանը: Երկրում իշխում է ավտորիտար ռեժիմը, որը բռնաճնշումների եւ հակաժողովրդավարական քաղաքականության պատճառով մշտապես արժանանում է Amnesty International եւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը:
Եվրոպան ու ԱՄՆ-ն Բաքվին հասցեագրած քննադատությունում ավելի մեղմ են, քանի որ կախվածություն ունեն Ադրբեջանից ստացվող էներգառեսուրսներից: Ռուսական գազից կախվածությունը հաղթահարելու համար Եվրոպան մտադիր է միլիարդավոր դոլարներ ներդնել Nabucco խողովակաշարի շինարարությունում: Դրա միջոցով Եվրոպան գազ կստանա Ադրբեջանից:
Ադրբեջանը նաեւ Եվրամիության եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի մասնակից է եւ այդ ծրագրի շրջանակում 2007-2010 թվականներին ստացել է 92 միլիոն եվրո, իսկ 2011-2013 թվականներին պետք է ստանա եւս 122,5 միլիոն եվրո: Եվրամիությունը հայտարարել է, որ Ադրբեջանին օգնություն տրամադրելու հիմնական նպատակը այդ երկրի ժողովրդավարական զարգացումն ու որակյալ կառավարումն է, բայց Human Rights Watch-ը կարծում է, որ Եվրամիությունը զգալիորեն խլացնում է Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության քննադատությունը: Կազմակերպությունն ավելացնում է, որ Բաքուն կարող է պարծենալ լրագրողների նկատմամբ սպառնալիքների եւ բռնությունների երկար պատմությամբ: Այդ երկիրը հրաժարվել է բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը եւ ազատ արձակել երկու անկախ պարբերականների խմբագրին:
Human Rights Watch-ը համարում է, որ այդ պարբերականներին ստիպել են փակվել 2007-ին խմբագրին բանտ նստեցնելուց հետո: Նրան դատապարտել են զրպարտության եւ ահաբեկչության մեղադրանքներով: Հյուսիսային Աֆրիկայի դեպքերից հետո Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են սոցիալական ցանցերի ակտիվիստների, որոնք փորձել են Ցասման օր կազմակերպել Ադրբեջանում:
Համեմատություններ միջնադարյան ֆեոդալիզմի հետ
Amnesty International-ն Ադրբեջանը նկարագրելիս նշում է, որ քրեական օրենսդրությունն ու զրպարտության մասին օրենքները օգտագործվում են քննադատներին լռեցնելու համար: Երկրում սահմանափակվում է հավաքների ազատությունը, իսկ Բաքվի կենտրոնում հանրահավաք անելն արգելված է:
Երկրի նախագահն Իլհամ Ալիեւն է, որը 2003-ին իշխանությունը ստացել է հորից` բռնակալ Հեյդար Ալիեւից: 1993-2003թթ. իշխած Հեյդար Ալիեւը նույնիսկ այսօր մշտապես ներկա է մայրաքաղաքում. նրա դիմանկարն ամենուր է` Բաքվի քարոզչական պաստառների վրա:
The Economist-ը ժողովրդավարության ամենաամյա ինդեքսում նշում է, որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է: SPIEGEL-ը նույնպես գրել է, որ Ադրբեջանում տարածված է կոռուպցիա եւ միջնադարյան եվրոպական ֆեոդալիզմի հետ համեմատությունը չափազանցված չէ:
SPIEGEL-ը նաեւ համարում է, որ Ադրբեջանն Արեւմուտքի համար անհարմար եւ բարդ գործընկեր է, որի հետ ստիպված է գործ ունենալ: Ամերիկյան դիվանագիտական թղթակցության գաղտնազերծման արդյունքում 2010թ. դեկտեմբերին հրապարակված զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի կոռումպացված ինստիտուտները չեն կարողանում վերահսկել նավթային բումն ու միլիարդավոր դոլարները եւ ամենամյա 15 տոկոսանոց աճն ավելի առաջնահերթային է, քան օրենքի եւ սահմանադրական կարգի գերակայությունը: Անկախ մամուլը սահմանափակվում է, իսկ այլախոհները ենթարկվում են ճնշումների:
Իհարկե, ժողովրդավարությունը Եվրոպական հեռարձակողների միությանն անդամակցելու նախապայման չէ: Հենց ազգային հեռարձակողների ասոցիացիան` European Broadcasting Union – EBU-ն է կազմակերպում Եվրատեսիլը: Բելառուսը, որտեղ իշխում է Եվրոպայի վերջին բռնակալ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես հասավ մինչեւ Եվրատեսիլի կիսաեզրափակիչ:
Միեւնույն ժամանակ, Էլլայի եւ Նիկի երգի եւ նրանց երկրի կառավարության ռեպրեսիվ քաղաքականության միջեւ ոչ մի կապ չկա, բայցի նրանց երաժշտությանն աջակցելուց: Կասիմովն ու Ջամալը հաղթեցին ժյուրիի եւ ժողովրդական քվեարկությամբ` սեփական տաղանդի եւ ելույթի որակի շնորհիվ:
Սակայն EBU-ն ինչքան էլ ցանկանա հեռու մնալ քաղաքականությունից, չի կարողանա բացառել քաղաքական հարցերը երկրների մրցակցությունից, հատկապես, եթե կազմակերպությունում ընդգրկված են երկրներ, որոնք 1956-ին Եվրատեսիլը հիմնադրած երկրների սահմանած ժողովրդավարությունը չեն ճանաչում:
Հաջորդ տարի Ադրբեջանն ուշադրության կենտրոնում կլինի ոչ միայն իր տնտեսական վերելքով եւ Էլլայի ու Նիկի երիտասարդական հաջողությամբ, այլեւ մարդու իրավունքների ոլորտում ունեցած թերություններով: Երգի մրցույթը կարող է մոգական հնարավորություն դառնալ բարգավաճման եւ հաջողության նոր դեմ ցույց տալու եւ հեղինակությունը նորոգելու համար: Լրացուցիչ միջազգային ուշադրությունը հնարավոր է ստիպի իշխանություններին թույլ տալ ավելի շատ ազատություններ եւ մարդու իրավունքներ: Սակայն, եթե Ադրբեջանի կառավարությունը քայլեր չձեռնարկի միջազգային ասպարեզում իր իմիջը բարելավելու ուղղությամբ, ապա կարող է վախեցնել եւ խուճապի մատնել Եվրատեսիլին:




























