Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 12-ին Ազգային ժողովում ազգընտիրներին բացատրում էր ինֆլյացիայի նրբությունները: Ջավադյանի խոսքով, անցած տարվա գնաճն ունեցել է երկու փուլ, որոնք բնութագրական են կիսամյակներին:

Առաջին կիսամյակում գնաճն  «ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության» նաեւ կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման եւ դրամի փոխարժեքի նվազման հետեւանք էր, իսկ երկրորդ կիսամյակում գնաճը պայմանավորված է եղել միջազգային շուկայում արդյունաբերական ապրանքների գների բարձրացմամբ: Այդ ամենի հետեւանքով, ստիպված են եղել անցնել զսպող, սահմանափակող տնտեսական քաղաքականության:

Պետք է ենթադրել, որ պետական կամ անձնական խնդիրների բեռի տակ ազգընտիրները չեն ընկալել մասնագետի կանխադրույթների էությունը: Ափսոս, քանի որ դրանցից շատերը ապացույցների կարիք ունեն:

Նախ հանրամատչելի ասենք, թե ինչ է նշանակում «ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություն». Կենտրոնական բանկի եւ կառավարության այդ քաղաքականությունն ուղղված է գործարար ակտիվության խրախուսմանը, ինչը բերում է զբաղվածության եւ բնակչության վճարունակ պահանջարկի ծավալների աճի: Այդ քաղաքականությունը նաեւ հանգեցնում է գնաճի:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2010 թվականին նախորդ տարվա համեմատ զբաղվածությունը Հայաստանում աճել է ընդամնեը 1,4 տոկոսով, ինչը չի կարելի համարել բարձր եւ որոշիչ: Առավել եւս, որ նախաճգնաժամային 2008 թվականին զբաղվածների թիվն ավելի մեծ էր, քան հետճգնաժամային 2010 թվականին: Հետեւաբար, զբաղվածության որոշակի աճը համարել գնաճի պատճառ չափազանցված կլինի:

Գործարար ակտիվություն խրախուսող «ընդլայնողական» քաղաքականությունը պետք է նպաստեր նաեւ երկրում աշխատավարձի բարձրացմանը: Նախորդ երկու տասնամյակում միջին աշխատավարձն իսկապես կտրուկ աճում էր, քանի որ սկզբանական ցուցանիշը չափազանց ցածր էր: «Ընդլայնողական քաղաքականության» ֆոնին միջին ամսական աշխատավարձը հունվար-հունիս ժամանակահատվածում աճել է 9,3 տոկոսով: Սակայն զարմանալի է, որ երկրորդ կիսամյակում անցումը «զսպողական» քաղաքականության հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում հանգեցրել է աշխատավարձի 20,7 տոկոս աճի: Այս փաստը վկայում է, որ աշխատանքի վարձատրման մակարդակը ենթարկվել է այլ գործոնների ադեցությանը` տնտեսության աճ, սեզոնային գործոն, սակայն Կենտրոնական բանկի քաղաքականության ազդեցությունն այստեղ դեր չի ունեցել:

Զարգացած երկրներում որպես կանոն դիտվում է չափավոր, սողացող գնաճ, որի դեպքում գները տարվա ընթացքում 10 տոկոսից ավելի չեն աճում: Իրականում, արեւմտյան երկրներում սպառողական գների ինդեքսը տատանվում է մի քանի տոկոսի սահմաններում: Օրինակ` Եվրամիության երկրներում սպառողական գների ինդեքսը տատանվում է 3,0 – 3,5 տոկոսի սահմաններում: Անցած տարի, Եվրամիությունում սպառողական գների միջին ինդեքսը 2,6 տոկոս էր: Այդքան ցածր գնաճը պայմանավորված է նրանով, որ պարենի առանձին տեսակների գների համաշխարհային կտրուճ աճը մարվում էր հիմնական ապրանքատեսակների գների կայունությամբ:

Հայաստանի մաքսային արձանագրությունների ամփոփումը ցույց է տալիս, որ անցած տարի ներմուծման միջին գների ինդեքսը կազմել է 102,0 տոկոս, այսինքն` ընդհանուր թանկացումը կազմել է 2,0 տոկոս: Եթե նույն միջազգային գների կտրուկ աճ նույնիսկ եղել է, ապա մարվել է մյուս ապրանքների գների կայունությամբ, այդ թվում այն ապրանքների, որոնց արժեքն ազդում է սպառողական գների ինդեքսի մակարդակի վրա: Սակայն այդ ինդեքսի կայունացում տեղի չունեցավ, թեեւ պաշտոնական վիճակագրությունը դիտարկում է 470 ապրանքատեսակների եւ ծառայության տեսակների գները:

Այդպիսով, գներն ու սակագները տոտալ աճ ունեցան եւ անցած տարվա արդյունքում մենք մոտեցանք 10 տոկոս գնաճի, ինչը բնորոշ է զարգացող երկրներին:

Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման ռեպո տոկոսադրույքին, ապա դրա մակարդակի բարձրացումը զգալի արդյունք է տալիս միայն տնտեսության ծավալուն վարկավորման դեպքում: Իսկ մեզ մոտ առանց այդ էլ ցածր ՀՆԱ-ի համեմատ վարկերի տոկոսային հարաբերակցությունն անցած տարի կազմեց 25 տոկոս: Համաշխարհային պրակտիկայում այդ ցուցանիշը բավական ցածր է համարվում:  

Բացի այդ ազգային արժույթով վարկավորման տարեկան տոկոսադրույքն անցած տարվա դեկտեմբերին 18,9 տոկոս էր, ինչը արդյունաբերության եւ գյուղատնտեսության համար շահութաբեր չէ: Նման տոկոսները տանելի են միայն առեւտրում, որի ներկայացուցիչներն են ներմուծողները:

Գնաճի մասով տնտեսական քաղաքականության մյուս լծակը ազգային արժույթի փոխարժեքն է: Հաշվի առնելով տնտեսության կախվածությունն արտաքին մասնավոր տրանսֆերտներից (անցած տարի ՀՆԱ-ի 14 տոկոսը)` արտարժույթի փոխարժեքի հետ կապված մանիպուլյացիաները կարող են որոշակի ազդեցություն ունենալ: Պետք է նշել, որ նախորդ տասնամյակի կեսերից որդեգրած դրամի արժեվորման ռազմավարությունը հետագայում դանդաղ գործողութան ականի դեր ունեցավ:

Անցած տարվա առաջին կիսամյակում 1 դոլարի միջին փոխարժեքը 384,21 դրամ էր, իսկ երկրորդ կիսամյակում իջավ մինչեւ 363,12 դրամ: Միաժամանակ մարտից մինչեւ դեկտեմբեր Հայաստանի մաքուր միջազգային պահուստները 492,5 միլիարդ դրամից կրճատվել են մինչեւ 451,2 միլիարդ դրամ: Պետք է ենթադրել, որ պահուստներից ավելի քան 100 միլիոն դոլար օգտագործվել է երկրի արժութային շուկային միջամտելու համար` թույլ չտալով դոլարի թանկացում:

Նշենք, որ անցած տարի Հայաստանի բանկային համակարգի միջոցով ստացած մասնավոր տրանսֆերտները հասել են 1627,1 միլիոն դոլարի` նախորդ տարվա համեմատ աճելով 3,3 տոկոս: Երկրորդ կիսամյակում այդ աճը չեզոքացվեց դոլարի թուլացմամբ: Այդուամենայնիվ գնաճը շարունակվում էր:

Ասվածը թույլ է տալիս եզրակացնել, որ  «զսպողական» քաղաքականությունը չի արդարացրել: Չինովնիկները կարող են պնդել, որ չլիներ այդ քաղաքականությունը` գնաճն ընդհանրապես կխորտակեր մեր տնտեսությունը: Սակայն շատ ապրանքատեսակների գները հասան իրենց առավելագույն հնարավորին` գերազանցելով գների մակարդակը զարգացած երկրներում: Գների հետագա աճը` բնական գնաճից դուրս, կլիներ ուղղակի աբսուրդային:

Ալբերտ Խաչատրյան