«Ժամանակ»-ը զրուցել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Ադրբեջանցի քաղաքական գործիչները հաճախ են ակնարկում այն մասին, որ Իրանում որոշակի խնդիրներ ի հայտ գալուն զուգընթաց կարող են վերսկսվել հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները: Դուք էլ նախկինում չէիք բացառում, որ Իրանում ցանկացած խնդրի առաջացումը կարող է բարդացնել իրավիճակը տարածաշրջանում: Ինչպե՞ս կբացատրեք այս երկու խնդիրների կապը:
Ուղղակիորեն Իրանի խնդիրը կապված չէ ԼՂ հակամարտության հետ, բայց տարածաշրջանն այնքան փոխկապակցված է, որ առաջացել է չափազանց դժվար հավասարակշռությունների համակարգ` անշուշտ ոչ կատարյալ, բայց որը պահպանում է ստատուս քվոն: Այս հավասարակշռության պահպանման մեջ դեր են խաղում ե՛ւ ադրբեջանա-թուրքական, ե՛ւ հայ-իրանական, ե՛ւ ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք, ըստ էության, միմյանցից բավականին տարբեր են: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը առանցքային է եւ անգամ այն գործընթացները, որոնք ի սկզբանե որեւէ կապ չունեն այս խնդրի հետ, ի վերջո հանգում են այս խնդրին, ինչպես օրինակ` հայ-թուրքական գործընթացը: Այդ իսկ պատճառով, եթե պատկերացնենք մի այնպիսի իրավիճակ, երբ Իրանում սկսվի շատ ակտիվ պայքար նախագահի եւ հոգեւոր առաջնորդի միջեւ, ապա հարց կլինի, թե ո՞ր ճանապարհով կգնա Իրանը՝ կրոնապետությա՞ն, թե՞ պարսկական ազգայնականության: Բայց պարզ է, որ այս հանգամանքի վրա կարող է հենվել Միացյալ Նահանգները` լուծելու իր խնդիրները կապված Իրանի հետ:
Չեմ կարծում, որ այս հարցում Ադրբեջանը թույլ կտա ամերիկացիներին օգտագործել իր տարածքը, բայց եթե ներքին եւ արտաքին գործոնները լրջորեն ապակայունացնեն Իրանը, ապա այդ ժամանակ կարելի է սպասել ամեն ինչի` ե՛ւ մեծաթիվ փախստականների, ե՛ւ ընդդեմ ամերիկացիների մեծ խաղ սկսելու իրանական իշխանությունների փորձերի, ինչը կարող է ազդել նավթային ռեսուրսների վրա: Պարզ է, որ Իրանը չունի համապատասխան ռազմական պատասխան, բայց այլ պատասխաններ ունի` արմատական տրամադրված մուսուլմանական երկրների աջակցությունը, նավթ, Կասպից ծով: Եթե այս ամենը տեղի ունենա Իրանի շուրջ, ապա կսկսվի փոթորկի նման մի բան, եւ դա կազդի բոլորի վրա: Իսկ քանի որ տարածաշրջանում ստեղծված հավասարակշռությունը չափազանց բարդ է, ապա շատ հեշտ է այն խախտել ձեռքի մեկ շարժումով:
Իսկ կարո՞ղ է այդ հավասարակշռության խախտման վրա ազդել վրացական խորհրդարանի վերջին որոշումը` դադարեցնել ռուսական ռազմակայան տրանզիտը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա կարծիք, թե Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորը:
Դա, իհարկե, տեխնիկապես բարդացնում է իրավիճակը, բայց այդ որոշումը սպասելի էր, քանզի առնվազն տարօրինակ կլիներ, որ չունենալով հարաբերություններ` Վրաստանը թույլ տար Ռուսաստանին իր տարածքով ռազմական տեխնիկա անցկացնել: Կարծում եմ` այլ ճանապարհներ կգտնվեն:
Իսկ որո՞նք են այդ ճանապարհները: Այսօր խոսվում է թուրքական ճանապարհի մասին, ըստ Ձեզ, դա իրակա՞ն է:
Թուրքիայի ճանապարհն օգտագործելը իրական չէ, կարծում եմ` դա կարվի օդային ճանապարհով: Ընդհանուր առմամբ այս իրավիճակը քաղաքական փոփոխությունների չի հանգեցնի, քանզի Գյումրիի ռազմաբազաները Ռուսաստանին ռազմական տեսանկյունից այդքան էլ անհրաժեշտ չեն, բայց անհրաժեշտ է որպես քաղաքական երաշխիք:




























