«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցին մի բան է, իսկ օլիգարխիայի հետ սերտաճած եւ աշխարհիկ վայելքներին տրված եկեղեցական «նաչալնիկները»՝ մեկ այլ բան։ Վերջիններս, այո, չեն կարող մեզ՝ շարքային հավատացյալներիս համար բարոյական հեղինակություն լինել, ավելին՝ իրենց վարքով նրանք նպաստում են անհավատության եւ աղանավորության տարածմանը։
Եթե Ամենայն հայոց կաթողիկոսը կյանքի նպատակ է դրել իր համար Երեւանում «պերերիվի օբյեկտ» սարքելը եւ տարիներ շարունակ պայքարում է դրա համար, ապա դժվար թե նա որեւէ քրիստոնյայի սրտում վեհ զգացմունքներ առաջացնի։ (Ի դեպ, մեր եկեղեցու պատմության 17 դարերի ընթացքում նման կաթողիկոսներ եղել են)։ Բայց «Եհովայի վկաները» կաթողիկոսի կամ որեւէ եպիսկոպոսի հետ չեն բախվել՝ վերջիններս իրենց «պադավատներից» եւ պալատներից դուրս էլ չեն գալիս. աղանդավորները հարձակվել են տեր Եսայի քահանա Արթենյանի վրա, որը համեստ, զուսպ եւ կրթված երիտասարդ է եւ պատվով է կատարում Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովվի իր պարտականությունը։ Եվ պարզապես զարմանալի է, թե ինչու են իրավապահ մարմինները հանդուրժում «եհովայականների» սանձարձակ վարքը եւ թույլ են տալիս, որ աղանդավորները մեր իսկ եկեղեցում լկտիաբար զբաղվեն մարդաորսով։
Մյուս կողմից էլ՝ երբ բողոքում են, թե ինչու եկեղեցին չի պայքարում աղանդների դեմ, այդ հարցին էլ պետք է մոտենալ վերապահումով. եկեղեցին պետք է պայքարի հանուն իր արժեքների, ոչ թե ինչ-որ մեկի դեմ։ Բայց եկեղեցին ոչ թե վերոհիշյալ օլիգարխ-հոգեւորականներն են (թող ապրեն իրենց ունայն «կայֆերի» համար), այլ մենք բոլորս՝ հայ քրիստոնյաներս, ուստիեւ այդ կշտամբանքը պետք է ուղղենք ինքներս մեզ»։





























