ԱՄՀ գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանի կալանումից հետո ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԱՄՀ-ն կունենա նոր տնօրեն։ Համենայնդեպս՝ ԱՄՀ անդամ մի շարք երկրների ֆինանսների նախարարներ արդեն հայտարարություն են տարածել այն մասին, որ Դ. Սթրոս-Կանը պետք է փոխվի։ Այդ կարծիքին է, մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները։
ԱՄՀ ղեկավարի պաշտոնը հավակնորդների պակաս չի զգում, դրանց թվում նշվում է նաեւ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։ Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, որի հավանականության մասին որեւէ ենթադրություն անել այս պահին հնարավոր չէ։ Հիշեցնենք, որ ԱՄՀ կանոնադրության համաձայն, գործադիր տնօրենը պետք է անպայման եվրոպացի լինի։
Հայաստանում շատերի մոտ անհանգստություն է առաջացել, թե արդյոք թուրք նախարարի հնարավոր ընտրությունը կարո՞ղ է խոչընդոտել ԱՄՀ-Հայաստան փոխհարաբերություններին։
ԱՄՀ բարձրագույն ղեկավար մարմինը Կառավարիչների խորհուրդն է (Board of Governors), որտեղ յուրաքանչյուր անդամ-երկիր ունի իր ներկայացուցիչը։ Որպես կանոն դա կամ ֆինասների նախարարն է, կամ Կենտրոնական բանկի նախագահը։ Այս մարմինն էլ որոշում է ԱՄՀ-ի ռազմավարությունը։ Յուրաքանչյուր երկրի ձայների քանակը Կառավարիչների խորհրդում համապատասխանում է ԱՄՀ Կանոնադրական կապիտալում ունեցած մասնաբաժնին։
Ըստ այդմ, ամենաշատ ձայներ ունի ԱՄՆ-ը՝ 17,38 տոկոս (աղբյուր՝ ԱՄՀ պաշտոնական կայքէջ)։ Այդ երկիրը իր ազդեցությամբ զգալիորեն գերազանցում է երկրորդ տեղը գրավող Ճապոնիային՝ 6,22 տոկոս։ 5-6 տոկոսի շրջանակներում ձայներ ունեն եվրոպական խոշոր պետությունները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա։
Թուրքիայի ձայները կազմում են ընդամենը 0,45 տոկոս, Ադրբեջանինը՝ 0,075 տոկոս։ Հետեւաբար՝ Թուրքիան նույնիսկ Ադրբեջանի օգնությամբ էապես չի կարող ազդել ԱՄՀ ռազմավարության վրա։
Հայաստանն ունի 0,043 տոկոս ձայն, եւ այս ցուցանիշով մենք ԱՄՀ-ում վերջից 5-րդ տեղն ենք՝ առաջ լինելով միայն Տաջիկստանից, Կամբոջայից, Ղրղզստանից եւ Գայանայից։ Այսինքն՝ գործնականում Հայաստանը ԱՄՀ որոշումներ վրա որեւէ ազդեցություն չունի։
ԱՄՀ ընթացիկ կառավարումն իրականացնում է Գործադիր խորհուրդը (Executive Board) կամ տնօրինությունը, որն էլ կոլեգիալ կարգով որոշում է այս կամ այն երկրին վարկ հատկացնելու հարցը։ Նշենք, որ Գործադիր խորհրդի տնօրեն-կարգադրիչի (2007 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում է Դոմինիկ Սթրոս-Կանը) դիրքորոշումն այս հարցում վճռորոշ նշանակություն չունի, քանի որ որոշումներն ընդունվում են կոլեգիալ։ Սակայն բացառել որեւէ ազդեցություն, իհարկե, չի կարելի։ Հետեւաբար՝ Թուրքիայի ներկայացուցչի նշանակումն այդ պաշտոնում Հայաստանի համար ռազմավարական հետեւանքներ չի ունենա, սակայն որոշ ընթացիկ հարցերի լուծման առումով կարող է բարդություններ առաջացնել։
Սամվել Ավագյան




























