Գյումրիի անշարժ գույքի շուկայում մասնագետներն ակտիվություն են արձանագրել: Ավելացել է հատկապես բնակելի տների առք ու վաճառքի գործարքների թիվը, նաեւ պահանջարկը` վարձակալվող բնակարանների նկատմամբ: Անշարժ գույքի ու կադաստրի Գյումրիի տարածքային բաժնի պետ Արա Առաքելյանի խոսքով, անշարժ գույքի շուկան ակտիվ է եղել հատկապես մարտին, երբ առք ու վաճառքների գործարքների թիվը գերազանցել է 100-ը, վերջին տարիներին նման ցուցանիշ չէր արձանագրվել:
«Նրանց 70-80 տոկոսը սոցիալական պայմաններից ելնելով է վաճառել բնակարանը: Վաճառում են տները, պատրաստվում են հեռանալ երկրից: Վերջին շրջանում մեծ է նաեւ պահանջարկը վարձակալությամբ տրվող բնակարանների նկատմամբ: Քանի որ մինչեւ երկրից հեռանալը վարձով են ապրում»,- NEWS.am-ի թղթակցին իր վերջին ուսումնասիրություններն է ներկայացրել «Պագէսթեյթ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արարատ Պապոյանը:
Ըստ նրա, նվազել է հասարակական ու սպասարկման օբյեկտների առք ու վաճառքի գործարքների թիվը: Եթե բնակարանների գնորդներ կան, ապա նույնը չի կարելի ասել առեւտրի եւ սպասարկման օբյեկտների մասին, չնայած օրեցօր ավելանում է փակ ու վարձով տրվող կառույցների թվաքանակը:
«Եթե նախորդ տարի Գյումրիի կենտրոնական հատվածներում թեկուզ վարձակալությամբ տարածք վերցնելը լուրջ խնդիր էր գործարարի համար, ապա այսօր փակվում են տարիներ շարունակ ակտիվ հասարակական գործունեություն իրականացնող շատ օբյեկտներ»,- ասել է նա:
Ըստ մասնագետների, ամեն քայլափոխի փակվում են առեւտրի ու սպասարկման օբյեկտներ, իսկ պատճառն այն է, որ մարդիկ գնողունակ չեն, իսկ հարկային պարտավորություններն այնքան ծանր են, որ աշխատել ու կառույցը զարգացնել ուղղակի հնարավոր չէ:





























