Անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն կամ կոմիտե, որը կպաշտպանի գործարարի շահերը: Այս կարծիքն է հայտնել Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Ստիլիսա» ընկերության գործադիր տնօրեն Աղասի Հովհաննիսյանը` NEWS am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի գործարարների խնդիրներին:
«Ինչ նախարարություն ասես կա, ինչ կոմիտե ասես կա, չկա մեկը, որ մեզ` գործարարներիս, պաշտպանի, թեկուզ արտասահմանյան կազմակերպություններից, որոնց հետ աշխատում ենք»,-ասել է Աղասի Հովհաննիսյանը`կարեւորելով նման կոմիտե ստեղծելու գաղափարը :
Նա Տաշիրում գործող «Ստիլիսա» կարի ֆաբրիկայի գործադիր տնօրենն է: Ընկերությունը վերաբացվել է 3 տարի առաջ եւ աշխատում է հիմնականում պատվերով: «Գերմանական մի կազմակերպության պատվեր ենք կատարում: Մեր սեփական արտադրանքը չենք կազմակերպում, որովհետեւ վախենում ենք, որ չի վաճառվի, առայժմ տնտեսապես ձեռնտու չէ», -ասել է Աղաս Հովհաննիսյանը:




























