Հայաստանի ամենաաղքատ երեխաներն ապրում են Լոռու մարզի Տաշիր քաղաքում. Թեեւ ընտանիքների աղքատության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է, սակայն երեխաների «ծայրահեղ աղքատությունը» Լոռու մարզում է, հատկապես` Տաշիրում:
Այս մասին Տաշիր քաղաքում խոցելի խավի երեխաների համար սոցիալական նոր կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը: «Այս տվյալները «Յունիսեֆինն» են եւ մենք հիմքեր չունենք այլ կերպ մտածելու, Տաշիրում երեխաների շրջանում ծայրահեղ աղքատությունն է բարձր: Սա նշանակում է, որ ամեն մի 3-րդ երեխան աղքատ է, ամեն մի 6-ը` ծայրահեղ աղքատ»,-ասել է Անահիտ Մխոյանը:
Ըստ նրա, եթե հաշվարկենք ընտանեկան նվազագույն զամբյուղը, ավելի տխուր պատկեր կստանանք, քանի որ Հայաստանում ընտանիքների 70-80 տոկոսն է աղքատ: Անահիտ Մխոյանի խոսքով, առավել լուրջ է այն ընտանիքների վիճակը, որոնք հաշմանդամ երեխաներ ունեն: «Գրեթե բոլորը սոցիալապես խիստ կարիքավոր են: Իմ կարծիքով, սա պետք է կառավարությանը լրջորեն զբաղվելու, անհանգստանալու եւ մտածելու տեղիք տա, եթե իհարկե կարող են եւ չեն մոռացել մտածելը»,-ասել է «Հայկական Կարիտասի» գործադիր տնօրենը:




























