Լոռու մարզի Տաշիր քաղաքի նախկին Կալինինոյի պանրագործները արտադրանքի իրացման խնդիր ունեն: Նրանք դժգոհում են, որ ամեն տարի այս ամիսներին շուկայի խնդիրն է առաջ գալիս, քանի որ կաթն առատ է, շատ են արտադրում, իսկ սպառող չկա. «Ձմռանն օրինակ չկա նման խնդիր: Մեզ մոտ ալպիական են կոչվում մարգագետինները, որտեղ արածող կովերի կաթն ուրիշ է, պանիրն էլ ուրիշ որակ ունի, բայց արի տես որ չենք կարող սպառել»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի գործարար, պանրագործ Վազգեն Գրիգորյանը:
Ըստ նրա` պետությունը պետք է օգնի գործարարին արտադրանքն արտահանելու, արտադրանքի համար շուկա գտնելու հարցում, սակայն «ասում են, խոստանում են, բայց առայժմ ոչինչ չեն տեսնում»: Գործարարի խոսքով, մեր երկրում բիզնես ծավալելը դժվար է, քանի որ շուկան դժվարությունների մի կողմն է:
Վազգեն Գրիգորյանն իր ուժերը փորձել է բիզնեսի տարբեր ոլորտներում. «Չորս բիզնես ունեմ Տաշիրում`պանրի, հացի, խանութների ցանց, գազալցակայան: Ձեռք չի տալիս, չեն թողնում աշխատել, խանգարում են»,- ասել է գործարարը` չցանկանալով մանրամասնել, թե հատկապես ովքեր են խանգարողները. «Հարկայից հենց գալիս են ստուգելու, ուզում եմ` թողնեմ հեռանամ, բայց մտածում եմ` ո՞ւր գնամ: Տեղ ունեմ, բարեկամներ կան Ռուսասատանում, բայց այնտեղ կկարողանա՞մ արդյոք աշխատել»,-նշել է գործարարը` եզրակացնելով, որ Հայաստանում ամենուրեք դժվար է գործելը:




























