«Ժամանակ»-ը զրուցել է TESEV տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական կենտրոնի փորձագետ Այբարս Գյորգյուլուի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են էական փոփոխության ենթարկել երկրի արտաքին քաղաքական օրակարգը:

Ընտրություններում միանշանակ առավելագույն ձայները կհավաքի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ես կարծում եմ` ձայների մոտ 40-42%-ը: Ուստի էական ոչինչ չի փոխվի Թուրքիայի քաղաքականության մեջ: Ազգայնական կուսակցությունները կորցնում են իրենց ձայները, եւ գուցե նույնիսկ 10%-ի շեմը չհաղթահարեն, ուստի նրանց ձայնը լսելի չի լի: Փոխարենը` լավ շանսեր ունի նաեւ Հանրապետական կուսակցությունը, որը նոր նախագահ է այժմ ընտրել` ավելի երիտասարդ եւ ժամանակակից մտածողության կրող:

Ընդհանրապես երիտասարդացել է կուսակցությունը եւ գուցե հայ-թուրքական գործընթացը վերսկսելուն կողմ լինի: Սակայն այդ մասին նախընտրական արշավում ոչինչ չի ասվում: Եթե հիմա իրենց նման հարց էլ տրվի, նրանք կասեն, որ Ադրբեջանին կպաշտպանեն, որովհետեւ ընտրարշավ է ընթանում, եւ չեն ցանկանա ձայներ կորցնել:

Վերջերս, նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման: Այս հայտարարությունը արդյոք չի՞ նշանակում, որ գործընթացին Թուրքիան տեւական ժամանակ չի վերադառնա:

Այդ հայտարարությունը ավելի շատ ուղղված էր ընտրազանգվածին եւ Ադրբեջանին, քան Հայաստանին: Էրդողանը ընդամենը փորձում էր ձայներ չկորցնել: Կարծում եմ` Հայաստանը հասկանում է, որ դա նախընտրական հայտարարություն էր:

Ակնհայտ է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների բերելավումն առնչում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ: Հաշվի առնելով, որ այդ գործընթացն էլ տեսանելի ապագայում կարգավորման ենթակա չէ, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո որքանո՞վ եք հավանական համարում, որ Անկարան հայ-թուրքական գործընթացը կբերի իր արտաքին քաղաքական օրակարգ:

Ես, անկեղծ ասած, մոտ ապագայում կոնկրետ փոփոխություն չեմ սպասում: Ընտրություններից հետո նոր կառավարությունը հունի մեջ կընկնի ոչ շուտ, քան հուլիսի սկզբին: Բացի դա, Թուրքիայի համար այսօր կան շատ ավելի կարեւոր առաջնահերթություններ, նախ` նոր սահմանադրություն պետք է ընդունվի, առավել քան երբեւէ լրջացել է քրդական հարցը, Սիրիայում եւ այլ հարեւան երկրներում ապստամբություններ են եւ այլն: Այս ամենի մեջ Հայաստանի խնդիրը առաջնահերթ կարեւորություն չունի Թուրքիայի համար: Ուստի մոտ ապագայում ոչինչ չի կարելի ակնկալել: