Կառավարությունն արդեն պրոֆեսիոնալ իրավաբանների պակաս ունի, ովքեր համաձայն են օրինականացնել օրինականության առումով կասկածելի՝ ՍԴ դատավորի թափուր տեղի զբաղեցման գործընթացը: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման:
«Այսպես, ՍԴ դատավորի պաշոնում առաջադրվելուց Վահրամ Ավետիսյանի հրաժարումից հետո հաջորդը դարձավ Էդգար Շաթիրյանը: Նա, ում իշխանության խմբակցությունն ընտրեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, եւ այն բանից հետո, երբ 3 անդամներ դեմ քվեարկեցին, նա հրաժարվեց աշխատել՝ նույնիսկ այդ մասին չտեղեկացնելով խմբակցությանը: Շաթիրյանը, իհարկե, դեռ չի հայտնել, թե ինչպես իր որոշումը բացատրեց իմքայլականներին: Նա, պարզվում է, չի նեղացել եւ չի լքել հակակառուպցիոն հանձնաժողովի անդամի պաշտոնը այն բանի պատճառով, որ իրեն չեն ընտրել, այլ որոշել է հեռանալ, քանի որ իր թեկնածության քվեարկության ժամանակ հանձնաժողովի 4 անդամներ դեմ են քվեարկել, իսկ դա արդեն անձնական հարց է: Ոչ պակաս հատկանշական են նրա մեկնաբանությունները հունիսին ՍԴ շուրջ ծավալված գործընթացների վերաբերյալ, երբ իմքայլականները ընդդիմադիր խմբակցությունների բացակայության ժամանակ ընդունեցին Սահմանադրության 213-րդ հոդվածը՝ նախագիծը չուղարկելով ՍԴ` Հիմնական օրենքին դրա համապատասխանատվության ստուգման համար: Civilnet.am-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե «ՍԴ շուրջ գործընթացները իրավական են, քաղաքական թե իրավական՝ քաղաքական սոուսով համեմված», Շաթիրյանը նշել է. «Իհարկե անլուրջ կլիներ պնդել, թե վերջին զարգացումները քաղաքական գործընթացի տարրեր չեն պարունակում: Այո, մենք ասում ենք՝ դատական անկախություն, չմիջամտություն, դատավորների անփոխարինելիություն, սակայն դա ամենեւին չի նշանակում ամենաթողություն»: Հարցին, թե Սահմանադրության 213-րդ հոդվածում արված փոփոխություններն օրինակ են, Շաթիրյանը պատասխանել է. «Գործընթացի օրինականության առումով կխուսափեմ միանշանակ դրական պատասխանից, քանի որ որոշակի խնդիրներ կան: Եվ որպես իրավաբան պարտավոր եմ հնչեցնել դրանք: Խոսքն այն մասին է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածը հնարավորություն է տալիս խորհրդարանին փոփոխություններ մտցնել 213-րդ հոդվածում: Սկզբնապես խորհրդարանը ցանկանում էր հանրաքվե անցկացնել՝ չնայած կարող էր ինքնուրույն վերջնական լուծել հարցը: Ի վերջո, ելնելով քաղաքական հաշվարկներից, որոշեց ինքնուրույն փոխել հոդվածը: Այստեղ սահմանադրականության խնդիր չեմ տեսնում»: Շաթիրյանն այլ խնդիր է տեսնում. այն, որ Սահմանադրությունը իմպերատիվորեն ենթադրում է, որ երկրորդ ընթերցմամբ նախագծի ընդունումից առաջ խորհրդարանը պետք է այն ուղարկեր ՍԴ: Միեւնույն ժամանակ, ԱԺ Կանոնակարգը ենթադրում է ՍԴ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի ուղարկման հարցով քվեարկություն: Ընդ որում, այն հարցի պատասխանը, թե ինչ անել հետագայում, եթե խորհրդարանը որոշի չուղարկել նախագիծը ՍԴ (ինչը տեղի ունեցավ), չկա…Այսօր ՍԴ դատավորի պաշտոնին կառավարությունն առաջադրում է թեկնածուի, ով ՍԴ շուրջ տիրող գործընթացներում քաղաքական տարրեր եւ օրինականության խնդիրներ է տեսնում՝ համարելով, որ ՍԴ դիմելը խորհրդարանի պարտականությունն էր: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ նա համաձայնել էր առաջադրվել ՍԴ դատավորի պաշտոնում: Այսինքն՝ համաձայնել էր դառնալ հակասահմանադրական գործընթացի մի մասը, օրինականացնել օրինականության առումով կասկածելի գործընթացը, որն այսօր վիճարկվում է Եվրոպական դատարանում: Համաձայնեք, բավականին «սկզբունքային» դիրքորոշում է»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Գոլոս Արմենիի» թերթում:



























