Ավստրալիան 1991 թվականից ի վեր առաջին անգամ ռեցեսիայի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ երկրորդ եռամսյակում կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսությունը կրճատվեց 7 տոկոսով, հայտնում է AFP-ն:

Ավստրալիայի վիճակագրության բյուրոն հայտարարել է, որ դա ամենաարագ եռամսյակային կրճատումն էր վիճակագրության վարման պատմության ընթացքում, եւ դա վերջ դրեց տնտեսական աճի եռամյա շրջանին, որը չէր զսպվում նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով:

Ազգային հաշիվների բյուրոյի ղեկավար Մայքլ Սմեդեսն ասել է, որ համավարակն ու դրա զսպման ջանքերն են մեղավոր «աննախադեպ» անկման համար, որը մեծ տարբերությամբ առաջ է անցել նախորդ ռեկորդներից:

Ռեցեսիան անկում է նշանակում  երկու եռամսյակ անընդմեջ: Նախորդ երեք ամիսներին Ավստրալիայի տնտեսությունը կրճատվել է 0.3 տոկոսով:
Աշխատանքային ժամերը կրճատվել են գրեթե 10 տոկոսով, իսկ սոցիալական նպաստների դրամային վճարումներն աճել են ավելի քան 40 տոկոսով, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար:

Ապրանքների ներմուծումը նվազել է 2.4 տոկոսով, իսկ ծառայությունների արտահանումը` 18.4 տոկոսով:

Ավստրալիան հուլիսից ի վեր Մելբուռնում եւ դրա շրջակայքում հաստատել է Covid-19-ով վարակման շուրջ 26.000 դեպք եւ մահվան 663 դեպք: