Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով վարակվել էր կորոնավիրուսով, ուրբաթ վաղ առավոտյան տեղափոխվել է Միլանի հիվանդանոց: Նրա օգնական, սենատոր Լուչիա Ռոնզուլին RAI պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ 83-ամյա մեդիամագնատը, ում մոտ շաբաթվա սկզբին COVID-19 էր ախտորոշվել, իրեն լավ է զգում: Նա գիշերել է հիվանդանոցում:
Ռոնզուլին նշել է, որ Բեռլուսկոնին գտնվում է «կանխարգելիչ հսկողության» տակ:
Բեռլուսկոնին նախօրեին իր կողմնակիցներին հայտնել էր, որ ոչ ջերմություն, ոչ ցավեր չունի: Իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ վերջերս նրա երկու չափահաս երեխաների մոտ եւս COVID-19 էր ախտորոշվել եւ նրանք գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Մեդիա մագնատն իր ամառային արձակուրդի մի մասն անցկացրել էր Սարդինիայի Զմրուխտե ափին գտնվող իր վիլայում: Իտալիայում COVID-19-ի վերջին դեպքերից շատերը կապված են Սարդինիայում հանգստացող մարդկանց հետ:





























