Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում ստորագրել են համաձայնագիր տնտեսական հարաբերությունների կարգավորման մասին, հայտնել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համաձայնագրի կնքման մասին նաեւ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը թվիթերյան իր էջում։ «Եւս մեկ պատմական համաձայնագիր, որը ստորագրվել է նախագահի ջանքերի շնորհիվ աշխարհն ավելի խաղաղ եւ բարգավաճող դարձնելու համար»,-գրել է Դիրը։

Համաձայնագրի կետերից մեկն այն է, որ «Գազիվոդե» ՀԷԿ-ը պետք է հանձնվի Բելգրադի վերահսկողությանը։ Եւս մեկ կետ ենթադրում է, որ Պրիշտինան կմիանա «մինի շենգենյան» գոտուն (միջբալկանյան տնտեսական շուկային), որի դեմ էին նախկինում ակտիվորեն պայքարում Կոսովոյի ներկայացուցիչները։ Փաստաթուղթը նաեւ ներառում է հուշագիր մեկ տարի ժամկետով, համաձայն որի՝ Կոսովոն դառնում է միջազգային կազմակերպությունների անդամ։

Ըստ առկա տվյալների՝ փաստաթուղթը ենթադրում է ներդրումներ 13 մլրդ դոլարի չափով Բելգրադի եւ Պրիշտինայի համատեղ նախագծերի, ներառյալ՝ ենթակառուցվածքի համար։

Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, ուստի կողմերը ստորագրել են համաձայնագիրը ոչ թե միմյանց հետ, այլ յուրաքանչյուրն ստորագրել է առանձին համաձայնագիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։