Աթենքը պատրաստվում է Միջերկրական ծովում իրավիճակի հետ կապված բոլոր սցենարներին, քանի որ սպասում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նոր նախաձեռնությանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետագա քայլերին:

Համաձայն կառավարության աղբյուրների՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը գիտակցաբար որոշել է  չարձագանքել թուրքական սադրանքներին: Աղբյուրները հայտնում են, որ Թուրքիային ուղղված իր ուղերձը հստակ է՝ դադարեցնել սադրանքներն ու սկսել բանակցությունները, հաղորդում է Kathimerini կայքը:

Իր կողմից, Մերկելն աշխատում է, որպեսզի հասկանա Էրդողանի մտադրությունները սեպտեմբերի 24-25-ին Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի նախաշեմին:

Աթենքը նաեւ պատրաստվում է նրան, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը լիցենզիա կտրամադրի Turkish Petroleum Corporation-ին հետախուզություն անցկացնելու համար շրջաններում, որոնք նախատեսված են Թուրքիայի եւ Լիբիայի ծովային սահմանների մասին համաձայնագրում, որը կարող է թուրքական նավերը մոտեցնել Ռոդոսին, Կասսոսին, Կարպատոսին եւ Կրետեին:

Ամեն դեպքում ակնկալվում է, որ Մերկելը որոշիչ դեր կունենա իրադարձությունների հետագա զարգացման գործում: Չնայած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանրային միջամտությանը՝ ակնհայտ է, որ Վաշինգտոնը Բեռլինին թույլ է տալիս ղեկավարել լարվածության նվազեցման հարցով ջանքերը:

Այն դեպքում, եթե Էրդողանը երկխոսություն սկսի, բաց է մնում հարցը, թե ինչպես կընթանա երկխոսությունը: Աթենքում ցանկանում են, որպեսզի բանակցությունները կենտրոնանան միայն մայրցամաքային ծանծաղուտի եւ ծովային գոտիների հարցի վրա: Ինչպես նաեւ բաց է մնում հարցը, թե ինչ «մորատորիում» կկիրառվի:

Աղբյուրների համաձայն՝ Աթենքը ցանկանում է, որպեսզի թուրքական նավերի դուրսբերումից հետո անցնի առնվազն մեկ ամիս, նախքան կողմերը բանակցություններ կսկսեն:

Բեռլինը եւ Վաշինգտոնն ավելի կարճ ընդմիջում են ցանկանում՝ մոտ 2 շաբաթ:

Միեւնույն ժամանակ, շարունակվում են Հունաստանի պաշտպանական ներուժի մեծացման բանակցությունները: