Հայրիկներին կարող են երեխայի ծնվելու հետ կապված արձակուրդի հնարավորություն տալ: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր,օրինագծի հեղինակ Ծովինար Վարդանյանը:

«Մենք առաջարկում ենք օրենսդրորեն ամրագրել հայրերի իրավունքը՝ երեխայի ծնվելուց հետո 30-օրյա ժամկետում 5-օրյա վճարվող արձակուրդ ստանալու համար»,-պարզաբանեց Վարդանյանը:

Նա նշեց, որ արձակուրդը կտրվի հայրիկների ցանկությամբ, իսկ վճարումը կկատարվի արձակուրդի յուրաքանչյուր օրվա համար օրվա միջին աշխատավարձի հաշվարկով: Նրա խոսքով՝ նման պրակտիկան գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ Հայաստանում նախատեսված են նմանատիպ սեփական մեխանիզմենր, սակայն միայն խոշոր միջազգային կորպորացիաներում:

Եվս մեկ փոփոխություն վերաբերում է մարդկանց, ովքեր փաստացի խնամում են երեխային, սակայն գտնվում են դեկրետային արձակուրդի մեջ: «Առաջարկված փոփոխությունների համաձայն՝ այդ անձանց մինչեւ 1 տարեկան երեխայի խնամքի շրջանում աշխատանքային պայմանները չեն կարող էական փոփոխությունների ենթարկվել , բացառությամբ՝ պաշտոնի կամ կատեգորիայի փոփոխության»,-նշեց պատգամավորը:

Փոփոխությունների համաձայն՝ կրճատվում են նաեւ անձանց հեռացման հնարավորությունները, ովքեր զբաղված են երեխայի խնամքով: Այդպիսով, պատգամավորի կարծիքով, աշխատակիցները երեխայի խնամքի ողջ շրջանում պաշտպանված կլինեն աշխատանքյաին պայմանների հնարավոր փոփոխություններից:

Նշենք, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը: