Բեյրութի նավահանգստում այսօրվա հրդեհը կարող է սաբոտաժի դիտավորյալ գործողություն կամ տեխնիկական խափանման, չիմանալու կամ անփութության հետեւանք լինել: Այս մասին դեպքի կապակցությամբ հրավիրված պաշտպանության գերագույն խորհրդի նիստում հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, հայտնում է լիբանանյան MTV հեռուստաալիքը:

Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում պատճառը պետք է հնարավորինս շուտ պարզվի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: «Նման հրդեհների տանող սխալներն այլեւս անթույլատրելի են, մանավանդ առաջին հրդեհի պատճառած աղետից հետո»,- ասել է նա՝ նկատի ունենալով օգոստոսի 4-ին Բեյրութում բռնկված հրդեհն ու պայթյունը, որի հետեւանքով առնվազն 190 մարդ էր զոհվել:

Հինգշաբթի ցերեկը Բեյրութի նավահանգստի ազատ մաքսային գոտում վառելիքի եւ անվադողերի պահեստներում մեծ հրդեհ է բռնկվել: Հրդեհի օջախը մեկուսացնելու համար մի քանի ժամ է պահանջվել, եւ դրան մասնակցել են մարտական ուղղաթիռներ:

Նավահանգստի կողքով անցնող բոլոր ճանապարհները, ներառյալ Բեյրութից հյուսիս տանող գլխավոր մայրուղին, ոստիկանության կողմից արգելափակվել էին:

Հրդեհի հետեւանքով, ըստ Լիբանանի Կարմիր խաչի, զոհեր եւ վիրավորներ չկան։