IBM կորպորացիան հայտարարել է, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունը պետք է նոր վերահսկողություն սահմանի` «ռեպրեսիվ ռեժիմներին դեմքերի ճանաչման համակարգերի արտահանումը սահմանափակելու համար, որոնք կարող են օգտագործվել մարդու իրավունքները ոտնահարելու համար», փոխանցում է Reuters-ը:
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները պետք է արտահանման նոր սահմանափակումներ ներդնեն «դեմքի ճանաչման համակարգերի վրա, որոնք, ամենայն հավանականությամբ, օգտագործվելու են զանգվածային հսկողության համակարգերում, ռասայական պրոֆիլավորման կամ մարդու իրավունքների այլ խախտումներում»:
Հուլիսին առեւտրի նախարարությունը դիմել էր հասարակության մեկնաբանություններին` դեմքի ճանաչման եւ հսկողության համար օգտագործվող այլ կենսաչափական համակարգերի արտահանման լիցենզիաների նկատմամբ նոր պահանջների ընդունման վերաբերյալ:
IBM-ը հայտարարել է, առեւտրի նախարարությունը պետք է վերահսկի «ինչպես տեսախցիկների, որոնք օգտագործվում են տվյալներ հավաքելու համար, այնպես էլ ծրագրային ապահովման ալգորիթմների արտահանումը, որոնք օգտագործվում են այդ տվյալների վերլուծման եւ համեմատման համար պատկերների տվյալների բազայի հետ», եւ դա պետք է «սահմանափակի որոշ օտարերկրյա կառավարությունների` լայնածավալ հաշվողական բաղադրիչներ ստանալու հանարավորությունը, որոնք անհրաժեշտ են դեմքի ճանաչման ինտեգրված համակարգի ներդրման համար»:
Ընկերության գրավոր մեկնաբանություններում նշված չեն կոնկրետ կառավարությունները, սակայն ասվում է, որ «դեմքի ճանաչման տեխնոլոգիաների ամենահզոր տեսակների նկատմամբ վերահսկողությունը պետք է կենտրոնացվի այն երկրների վրա, որոնք մարդու իրավունքների խախտման պատմություն ունեն»:





























