Հնդկական գյուղի բնակիչները կոկորդիլոս են «պատանդ են վերցրել»` փրկագին պահանջելով: Ըստ AFP-ի, երկու մետրանոց կոկորդիլոսը հարեւան արգելոցից ջրհեղեղից հետո հայտնվել է աղքատացած Ութար Պրադեշ նահանգի Միդանիա գյուղի լճակում:
Սկզբում բնակիչները տագնապի մեջ էին, երբ տեսան տեղի լճակում թաքնված կոկորդիլոսին, բայց հետո նրանց գլխում ծագեց փրկագին պահանջելու գաղափարը:
Արգելոցի շրջակայքում բուֆերային գոտու պատասխանատու պաշտոնյա Անիլ Պատելը AFP-ին հայտնել է, որ տեղացիները բռնել են կոկորդիլոսին, ապա պահանջել 50.000 ռուփի (գրեթե 700 դոլար) այն վերադարձնելու համար: «Մեզ ժամեր էին հարկավոր, որպեսզի տեղական ոստիկանության եւ իշխանությունների օգնությամբ համոզեինք նրանց ազատել կոկորդիլոսին»,- ասել է Պատելը:
Գյուղացիներին սպառնացել էին նաեւ դատական հետապնդմամբ, եւ պաշտոնյաները բացատրեկ են, որ նրանք կարող են հայտնվել բանտում մինչեւ յոթ տարի ժամկետով: «Նրանք գաղափար անգամ չունեին, որ կոկորդիլոսը պաշտպանված է Վայրի բնության պահպանության մասին օրենքով»,- հավելել է նա:





























