Հոնկոնգին մերձակա ջրերում հազվագյուտ հնդկա-խաղաղօվկիանոսյան սապատավոր դելֆինների թվը զգալիորեն մեծացել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին, հայտնույմ է Reuters-ը։
Սենթ Էնդրյուս համալսարանի ծովային գիտնական Լինդսի Փորթերի խոսքով՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան սապատավոր դելֆինները, որ հայտնի են նաեւ որպես չինական սպիտակ եւ վարդագույն դելֆիններ, վերադառնում են Հոնկոնգի ափերի մոտ Մարգարտե գետի գետաբերանի որոշ հատվածներ, որոնցից նրանք սովորաբար խուսափում էին Հոնկոնգի եւ Մակաոյի միջեւ երթեւեկող լաստանավերի պատճառով։
Այս շրջանում դելֆինների թիվը մարտից 30 տոկոսով մեծացել է, երբ դադարեցվել է լաստանավերի երթեւեկությունը, ինչը գիտնականներին եզակի հնարավորություն է ընձեռել ուսումնասիրելու ստորջրյա աղմուկի ազդեցությունը դելֆինների վարքագծի վրա։
Փորթերը եւ նրա թիմի անդամները նավակից ջուրն են նետում բարձրախոսներ եւ դրոնների միջոցով հետեւում դելֆիններին։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դելֆինները հանդարտ իրադրությանն ավելի արագ են ընտելացել, քան սպասվում էր, եւ նրանց պոպուլյացիան, հավանաբար, կարող է վերականգնվել համանման սթրեսները վերացնելու դեպքում։
Գիտնականների կարծիքով՝ Մարգարտե գետի գետաբերանի շրջանում բնակվում է մոտ 2 հազար դելֆին։ Սակայն Հոնկոնգի կառավարության հետազոտության արդյունքներով 2019 թվականին հայտնաբերվել էր ընդամենը 50 դելֆինից մի փոքր ավելի։
Հոնկոնգի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ծրագրերի մեջ է մտնում ծովային արգելոցների բացումը, որտեղ նավագնացությունը սահմանափակ կլինի, բայց չի արգելվի։ Այդ շրջաններից երեքում դելֆինները հաճախ են լինում։
Վայրի բնության պահպանության հոնկոնգյան հիմնադրամը, բնապահպանները եւ ինքը՝ Փորթերը կարծում են, որ նման միջոցառումներն անբավարար են, քանի որ դելֆիններին դեռեւս սպառնում է պահպանվող տարածքների միջեւ տեղաշարժվելիս լաստանավերի հետ բախումը։





























