Երեւանում կայացած «ՀԱՊԿ-ն եւ Հարավային Կովկասը. Տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովին զեկույցով հանդես է եկել Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը:

Հաշվի առնելով քննարկված հարցերի կարեւորությունը` NEWS.am-ը ձեզ է ներկայացնում զեկույցն ամբողջությամբ.

«Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը կնքվել է 1992 թ. մայիսի 15-ին` եվրասիական տարածքում անվտանգային ճարտարապետության արմատական կերպափոխման բեկումնային փուլում: Դա մի ժամանակ էր, երբ տեղի էին ունենում «Արեւելք-Արեւմուտք» սառը պատերազմի առճակատումային հարացույցի վերաիմաստավորում, նորաստեղծ անկախ պետությունների համագործակցության ապագա հայեցակարգի նոր ելակետային պարամետրների որոնում: Տվյալ գործընթացն իրականացվում էր «համընդհանուր եւ միասնական անվտանգության» ժամանակակից մոդելի դեռ չբյուրեղացած, ուրվանկարային տեսլականի ձեւավորման նախաշեմին: Վարշավյան պայմանագրի վերացման եւ երկբեւեռ աշխարհի կերպափոխման պայմաններում Եվրաատլանտյան դաշինքը զուգահեռաբար նախաձեռնեց իր նոր արժեքային եւ անվտանգային-ճարտարապետական նույնականության որոնում:

Այս աղետալի համակարգային մարտահրավերների ու ծավալվող անցումային քաղաքական զարգացումների բարձր մակարդակի անորոշության համատեքստում, ինչպես նաեւ դրանց տուրբուլենտության եւ հնարավոր հակադարձելիության հաշվառմամբ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը պետք է ապահովեր հետվարշավյան տարածքի սահուն հրաժարումը երկբեւեռ դիմակայության անվտանգային դիրքային ճարտարապետությունից: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ էր այդ տարածքը պաշտպանել տարածաշրջանային մասշտաբի նոր համաչափ սպառնալիքներից, որոնց դրսեւորումները արդեն նկատվում էին նախկին Վարշավյան պայմանագրի պատասխանատվության գոտու մի զգալի մասում` կապված դրա լուծարման հետ:

Այսօր վստահաբար կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ոչ միայն հաջողությամբ լուծեց իր խնդիրը, այլեւ կուտակեց այնպիսի ինքնազարգացման համար անհրաժեշտ ռազմավարական ներուժ, որը համապատասխան էր ներքին եւ արտաքին անվտանգային միջավայրներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկային: Սակայն հարկ է նշել, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը դասական պաշտպանական դաշնագիր է, որը կնքել են զինված հարձակման ավանդական համաչափ սպառնալիքից կոլեկտիվ եղանակով պաշտպանվելու համար իրենց ուժերի միավորմանը ձգտող մի խումբ պետություններ: Տվյալ փաստաթղթի տրամաբանությունը պարունակում էր սառը պատերազմի ժամանակներին բնորոշ իներցիոն բլոկային մտածողության առանձին մնացուկներ:

Հետվերակառուցումային շրջանի առանձնահատկությունները հնարավորություն չտվեցին լիարժեք կերպով հաշվի առնելու նորանկախ պետությունների ռազմավարական շահերի ամբողջ բազմապիսությունը նաեւ նոր տարածքի համախմբման դոկտրինային հիմքերի` 1995 թվականի Հավաքական անվտանգության հայեցակարգի ստեղծման ժամանակ: Այդ պայմաններում համընդհանուր եւ տեղային ռազմական աղետների բացառման երաշխիքների որոնման պատճառով հետին պլան մղվեց Հավաքական անվտանգության հայեցակարգում անվտանգային գործոնների համակարգային հաշվառումը դրանց ամբողջ` քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, պաշտպանական, տեղեկատվական, մշակութային եւ այլ բնույթի բազմազանությամբ: Այդ օբյեկտիվ դժվարությունները որոշակի չափով սահմանափակեցին ապագա ՀԱՊԿ-ի զարգացման հեռավոր հորիզոնների, ինչպես նաեւ նրա կառուցման երկարաժամկետ հեռանկարների մասին պատկերացումները:

2002թ.` Պայմանագրի ստորագրումից տասը տարի անց, կոլեկտիվ ինքնապաշտպանության դաշնագիրը միջազգային տարածաշրջանային կազմակերպության  կերպափոխելու միջոցով ՀԱՊԿ-ի ստեղծման ժամանակ դարձյալ հիմնական նպատակը ռազմական անվտանգության կոլեկտիվ ապահովումն էր: 2005-2006 թվականներից ի հայտ է գալիս ՀԱՊԿ-ը բազմագործառույթ կազմակերպության կերպափոխելու միտում, մի կազմակերպության, որը նպատակադրված է կոլեկտիվ անվտանգությունն ապահովելու ոչ միայն ռազմական, այլեւ մյուս ոլորտներում ծավալվող համագործակցության միջոցով, այդ թվում` դիմագրավելու համակցված համաչափ եւ ոչ համաչափ սպառնալիքներին: Վերջիններիս ժամանակակից գործիքը 2009 թ. ստեղծված ՕԱՀՈՒ-ն է:

Վերջին տարիներին ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ անդամ պետությունների կենսագործունեության ապահովման բոլոր կարեւոր ոլորտներն ընդգրկող եւ ամենաժամանակակից համաշխարհային ստանդարտներին համապատասխանող համալիր անվտանգային մոդելին անցնելու համար անհրաժեշտ են տվյալ համակարգի առաջադիմական զարգացման նկատմամբ առկա մոտեցումների վերագնահատում եւ հայեցակարգային վերանայում: Հավաքական անվտանգության խորհուրդը եւ ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը սկսել են ավելի ու ավելի մեծ ուշադրություն հատկացնել Կազմակերպության նորացման ռազմավարական հեռանկարներին: Այժմ որոնման հիմքում ավելի մեծ չափով է դրվում ռազմավարական պրագմատիզմը, որի ելակետային ուղենիշ կարող է դառնալ ՀԱՊԿ-ի անվտանգային ճարտարապետության` արդիականացման բոլոր մասնակիցների համար շահավետ ու համակարգայնորեն թարմացված տեսլականը, որը բացառում է ինչպես բլոկային մտածելակերպի իներցիոնությունը, այնպես էլ համընդհանուր անվտանգության համակարգին Կազմակերպության ինտեգրմանը վերաբերող կիսամիջոցային որոշումների ընդունումը:

Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը, կառուցողական համագործակցություն ծավալելով ՄԱԿ-ի, եվրոպական անվտանգային կառույցների, ԱՊՀ-ի, ՀՇԿ-ի, ԵվրԱզԷս-ի հետ, ինչպես նաեւ ստեղծելով իր խաղաղարար ուժերը եւ ՕԱՀՈՒ-ն, արդեն մուտք է գործել անվտանգության համընդհանուր համակարգ: Ըստ էության, նա ընտրել է այդ նոր անվտանգային ճարտարապետության ձեւավորմանը արդյունավետ մասնակցության ուղին: Դրա վկայությունն են ինչպես Կազմակերպության զարգացող համագործակցությունը ՄԱԿ-ի հետ, այնպես էլ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության Խորհրդի` 2010 թ. դեկտեմբերի 10-ի նիստում պետությունների ղեկավարների կողմից ընդունված փաստաթղթերը, որոնք կանխորոշում են կոլեկտիվ անվտանգության համակարգի զարգացման հիմնական ուղենիշները: Այսպես. «ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման եւ զարգացման վերաբերյալ ռազմավարական եւ հայեցակարգային փաստաթղթերի պատրաստման միջոցառումների մասին» որոշմամբ կոնկրետ խնդիր  է դրվել մշակելու համապատասխան փաստաթղթեր` Հավաքական անվտանգության ռազմավարություն, Հավաքական անվտանգության համակարգի զարգացման նոր հայեցակարգ, ինչպես նաեւ Ռազմավարական եւ օպերատիվ պլանավորման համակարգը:

Արդի իրողությունների բերումով մեր անվտանգային Կազմակերպության նորացման համար առանցքային պրոբլեմ են դառնում կոլեկտիվ անվտանգության ապահովման արդիական պրակտիկայի իմաստավորումը եւ համաձայնության սկզբունքի ավելի ճկուն մեկնաբանումը: Ոչ այլընտրանքային ընդհանուր համաձայնության  հիման վրա որոշումների (բացի ընթացակարգայիններից) ընդունման սկզբունքը, որը գործում է ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններում, կապված է քաղաքականության եւ իրավունքի այն հիմունքների հետ, որոնք իրենց հերթին խարսխվում են տվյալ կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Կոլեկտիվ անվտանգության կազմակերպություն ստեղծող պետություններին իրենց անվտանգային շահերի իրացման նպատակով կենսականորեն անհրաժեշտ է, որ երաշխավորված կերպով ապահովվի նրանց իրավահավասար մասնակցությունը կարեւոր որոշումների ընդունմանը: Ինքնիշխան պետությունները, որոնք ներգրավվում են կոլեկտիվ անվտանգության համակարգում, կամովին հրաժարվում են իրենց ինքնիշխան իրավունքների մի որոշ մասից` ակնկալելով, որ այդ կորուստները կփոխհատուցվեն` ի հաշիվ ավելի բարձր մակարդակով իրենց անվտանգության ապահովման` կազմակերպության բոլոր անդամ պետությունների ջանքերի սիներգիկ միավորմամբ: Ընդ որում, չի կարելի բացառել այնպիսի իրավիճակների հավանականությունը, երբ փոքրամասնության կարծիքը, որը չի համընկնում անդամների մեծամասնության դիրքորոշման հետ, կարող է հակասել ոչ միայն այդ մեծամասնության, այլեւ ընդհանրապես կազմակերպության կենսականորեն կարեւոր կամ ռազմավարական շահերին:

Նման օրինակներ մեզ հայտնի են ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ մեր կազմակերպության փորձից: Կոլեկտիվ անվտանգության համակարգի կերտման ու դրա գործունեության ապահովման մեծ փորձ ունեցող ՆԱՏՕ-ում, քաղված դասերի հաշվառմամբ, արդեն նախատեսվում է որոշումների ընդունման այնպիսի մեխանիզմների մշակման ու ներդրման հնարավորություն, որոնք ապահովեն անդամ պետությունների մի մասի «դաշնադրային կամքի» դրսեւորումը միջազգային իրավունքի շրջանակներում եւ Դաշինքի առաքելությանը, նպատակներին ու խնդիրներին համապատասխան: Հարկ է նշել, որ նման կրճատ ձեւաչափով որոշումների ընդունման տարրեր արդեն փորձարկվել են ՆԱՏՕ-ի պետությունների դաշնադրային համագործակցության պրակտիկայում:

ՀԱՊԿ-ի դեպքում կարելի է փաստել, որ ՙհատյալ ձեւաչափով՚ որոշումների ընդունումը արդյունավետ գործիք է փակուղային իրավիճակների հաղթահարման համար այն դեպքերում, երբ փոքրամասնությունը չի ցանկանում մասնակցել որոշակի դաշնադրային գործողությունների, սակայն դեմ չէ դրանց կատարմանը: «Դաշնադրային կամքի» սկզբունքի մշակման եւ իրականացման համար լրացուցիչ համապիտանի ելակետային ռեսուրս կարող է դառնալ ՀԱՊԿ-ի համակարգաստեղծ սկզբունքներից մեկը` կոլեկտիվ անվտանգության համակարգի տարածաշրջանային կառուցման սկզբունքը: Այդ սկզբունքը, հավելված համաձայնության սկզբունքով, հնարավորություն է տալիս ճկունացնելու կոլեկտիվ անվտանգության առանձին տարածաշրջանների վերաբերյալ որոշումների ընդունումը:

Հույժ կարեւոր է թվում կոլեկտիվ անվտանգության ապահովման համակարգում ռազմական բաղադրատարրի դերի, տեղի ու նախանշանակման ճշգրիտ որոշումը: Չնայած անվտանգային միջավայրի պարամետրների փոփոխությունների հետեւանքով տեղի ունեցող կերպափոխմանը, իսկ երբեմն նաեւ այլ բաղադրիչներով մասնակի փոխարինմանը` ռազմական բաղադրատարրը շարունակում է պահպանել իր կարեւոր նշանակությունը` քաղաքական գործոնի գերակայության պայմաններում էլ մնալով համակարգաստեղծ: ՈՒստի մեր Կազմակերպության առաքելության, նպատակների, գերակայությունների եւ խնդիրների նորացման հարցը լուծելիս պետք է անվտանգության համակարգի ռազմական բաղադրիչի արդիականացման պարամետրները որոշել խիստ կշռադատված եղանակով` ռեսուրսային բազա ապահովելով մարտահրավերների եւ սպառնալիքների հաշվեկշռի կրիտիկական փոփոխման դեպքում այդ բաղադրիչը երաշխավորված կերպով անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար:

Այսպիսով` ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության ավելի արդյունավետ համակցված համակարգին անցնելու համար անհրաժեշտ է մշակել եւ ընդունել նոր ռազմավարական հայեցակարգ, որում գերեւակշռող լինի բազմագործառութային անվտանգության անբաժանելիության եւ միջազգային համագործակցության միջոցով դրա ապահովման ոչ այլընտրանքայնության ըմբռնումը: Նման մոտեցումը, ըստ մեզ, նպատակաուղղված է ՀԱՊԿ-ի բոլոր անդամ պետությունների, ինչպես նաեւ համընդհանուր անվտանգության սուբյեկտների թվից այլ գործընկերների համար փոխշահավետ լուծումների որոնմանը:

Բավարար կոլեկտիվ անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու խնդիրը ենթադրում է պատասխան այն հարցերին, որոնք վերաբերում են անվտանգության համընդհանուր համակարգին, կոլեկտիվ անվտանգության ինտեգրման գլխավոր պարամետրներին եւ պայմաններին: Խոսքը վերաբերում է կոլեկտիվ անվտանգության արժեքային նախապատվությունների, կենսականորեն կարեւոր եւ ռազմավարական սկզբունքների, առաքելության, նպատակների, շահերի եւ գերակայությունների տեսակետից ՀԱՊԿ-ի եւ միջազգային անվտանգության սուբյեկտների համախմբի համատեղելիությանը, Կազմակերպության քաղաքական, ռազմական եւ այլ բաղադրատարրերի տեղի նշանակության ու դերի, կառուցվածքի ու գործառույթների որոշմանը: Այս առումով առանձնակի կարեւորություն է ստանում ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության նորացվող ճարտարապետությունում այդ բաղադրիչների օպտիմալ բովանդակության, հարաբերակցության եւ փոխհարաբերությունների որոշումը: Ընդսմին այդ ինտեգրումը զարգացնելու համար անհրաժեշտ է լուծել ՆԱՏՕ-ի հետ նոր հարաբերությունների ձեւավորման խնդիրը, մի կազմակերպության, որը ավելի փորձառու է, համընդհանուր անվտանգության համակարգում ունի իր առանցքային դերը եւ բազավորվում է կոլեկտիվ անվտանգության երկու կազմակերպությունների համար էլ ընդհանուր եվրասիական տարածքում:

Հարկ է նշել, որ ՀԱՊԿ-ը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով` ուղղված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հաստատմանը: Սակայն այս հարցում Հյուսիսատլանտյան դաշինքը ցուցաբերում է որոշակի զգուշավորություն եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, որը ընդհանուր եվրասիական անվտանգային տարածության մասն է, անվտանգության ապահովմանն առնչվող իր համար գերակա խնդիրները լուծելիս առայժմ գերադասում է համագործակցությունը «28+1» բանաձեւով` ՆԱՏՕ–գործընկեր պետություն երկկողմ ձեւաչափով: Ընդ որում, Դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգում առանձնակի նշանակություն է տրվում համագործակցության զարգացմանը «Ռուսաստան–ՆԱՏՕ» Խորհրդի շրջանակներում: Հյուսիսատլանտյան դաշինքի Լիսաբոնյան գագաթնաժողովի որոշումների լույսի ներքո այդ Խորհրդի ակտիվացումը կարող է դառնալ միանգամայն ռեալ ելակետային հենադաշտ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության տարբերակների քննարկման ու փորձարկման համար: Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ի համար Ռուսաստանի դերն ու ներուժը առանցքային են: Եվ այս հանգամանքի խելացի օգտագործումը կարող է նպաստել նաեւ կազմակերպությունների մակարդակով արդյունավետ համագործակցության գեներմանը: Թեեւ կան մտածողության իներցիոնությամբ, գաղտնապահական կարծրատիպերով եւ կասկածամտությամբ բնութագրվող կարծիքներ, որոնք ունեն հակառակ ուղղվածություն եւ  արգելակում են միմյանց նկատմամբ վստահության աճը, պետք է աջակցել այն առաջխաղացումներին, որոնք առկա են ինչպես «Ռուսաստան–ՆԱՏՕ», այնպես էլ «ԱՄՆ–ՀԱՊԿ» եւ «ՆԱՏՕ–ՀԱՊԿ» անհատական ու կոլեկտիվ ձեւաչափերում երկխոսության եւ համագործակցության վերալիցքավորման գործում:

2010 թ. Հարվարդի համալսարանի պետութենագիտության դպրոցի ՙԱնվտանգություն. ԱՄՆ–Ռուսաստան՚ ծրագրում իմ ստաժավորման ընթացքում պարզվեց, որ ռազմավարական հետազոտությունների բնագավառի ամերիկացի փորձագետները մասնագիտական հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկա-ռուսաստանյան համագործակցության վերալիցքավորումը ԱՄՆ-ի եւ ՀԱՊԿ-ի  փոխգործությամբ հարստացնելու ուղիների որոնման նկատմամբ: Այս տեսակետից ամերիկյան վերլուծաբաններին որպես հնարավոր մեկնարկային ոլորտ հետաքրքրել է «Կանալ» ծրագիրը, որը հայտնի է որպես Աֆղանստանի եւ Եվրասիայի միջեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության միջինասիական խաչմերուկներում ՀԱՊԿ-ի հակաթմրանյութային պայքարի հաջողված փորձ: Հարվարդի ակադեմիական երկխոսության տվյալ համատեքստում նորարամուծորեն հնչեցին «ՆԱՏՕ–Ռուսաստան», կամ «28+1», ձեւաչափով գործընկերությանը զուգաչափ` ՀԱՊԿ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ «ՀԱՊԿ–ԱՄՆ», կամ «7+1», ձեւաչափով համագործակցության ենթադրական հնարավորության մասին գիտնականների պրագմատիկ մտորումները:

Ամփոփելով Հարվարդում անցած տարի տեղի ունեցած ԱՄՆ–Ռուսաստան ռազմավարական ակադեմիական երկխոսությունը, որում արտացոլված էր դրա կողմերի ՙխելամիտ ուժը՚, ես` որպես երրորդ բարեկամական երկիրը ներկայացնող միակ մասնակից, կարող եմ վկայել, որ իմ գործընկերների կարծիքով` տուրբուլենտորեն զարգացող արդի աշխարհում համընդհանուր անվտանգության շահերն իրենց ռազմավարական հեռանկարում չեն բացառում նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ հարաբերությունների վերալիցքավորումը` հօգուտ համագործակցության եւ ինտեգրման: Նման մոտեցումը արտացոլում  է ամերիկա-ռուսաստանյան փոխհարաբերությունների վերալիցքավորման ռազմավարության ազդեցությամբ համընդհանուր ու տարածաշրջանային անվտանգության նշված սուբյեկտների մերձեցման հնարավորությունը, ինչպես նաեւ դրանց զարգացման ռազմավարական հայեցակարգերի փոխադարձ ներգործության ու հարստացման ուղիների գիտական որոնման ընդլայնումը:

Տվյալ կանխադրույթի հաշվառմամբ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության նոր ռազմավարական հայեցակարգի մշակման հաջողությունն զգալի չափով պայմանավորված կլինի անվտանգության մասին գիտության արդյունավետ առաջադիմական մեթոդաբանությունների օգտագործման համակարգայնությամբ, մեթոդաբանություններ, որոնք փորձարկվել են ինտենսիվ կերպով արդիականացող ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի, այդ թվում` նրանց անդամներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ վերջիններիս դաշնակիցների ու գործընկերների կողմից:

Կարեւորն այն է, որ ՀԱՊԿ-ի Խորհուրդն ու Քարտուղարությունը նպատակադրվել են մեր Կազմակերպության նոր ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակում կազմակերպելու անվտանգության ժամանակակից քաղաքագիտության նորագույն տեսական-մեթոդաբանական ու գիտակիրառական նվաճումների համադրման հիմքի վրա: Այս կապակցությամբ օգտակար է թվում այն փորձը, որը ձեռք է բերվել Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի առաջատար անվտանգային-քաղաքագիտական կենտրոնների հետ սերտ համագործակցության պայմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտական համակարգմամբ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման ժամանակ: Եվ մեր Ինստիտուտը պատրաստ է իր լուման ներդրելու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Կազմակերպության նոր ռազմավարական հայեցակարգի մշակման գործում»: