Թուրքական Star պարբերականի թղթակից Էլիֆ Չաքըրը անդրադարձել է Հայաստան կատարած այցին՝ նկարագրելով իր զգացողություններն ու տպավորությունները։

Եվրասիա հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի «Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի» կողմից կազմակերպված կլոր սեղանի մասնակիցներից Էլիֆ Չաքըրը իր հրապարակումը վերնագրել է . «Հայաստանը կենտրոնացել է հունիսի 12-ի վրա (Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների օրը)»: Թուրք լրագրողն իր հրապարակումը սկսել է «Սգո երկրում էի, Երեւանում։ Չգիտեմ թե ինչու»:

Էլիֆ Չաքըրը շարունակել է. «Երեւանը սգո քաղաք է, մռայլ գույներով։ Կարծես՝ ամեն տեղ մառախուղ է իջել եւ դժբախտություն է։  Բոլորովին ցանկություն չունեի գնալ այնտեղ։  Նեղված շրջում էի Երեւանի փողոցներում։ Երեք օր փորձում էի փախչել, գնալ այնտեղից։ Կարծում էի, թե պատուհաներից դուրս նայող գլուխներն ինձ բարեւ տալուց առաջ հարցնելու են. Թե Հրանտի հետ ի՞նչ եղավ։ Այնտեղ ամեն ինչ Արարատ է։ Ամեն տեղ, փողոցները, խանութների անունները, բարձրահարկ շենքերի վրա տեղադրված գովազդները...  Հայերը ծայրաստիճան քաղաքականացված ժողովուրդ են»,- գրել է թուրք լրագրողը։

Star-ի թղթակիցն իր հրապարակման վերջում Հայաստանում ստացած բացասական տպավորություններից հետո լուսավոր կետ է գտել՝ նշելով, թե տեսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հետաքրքրությամբ եւ հույսով սպասող աչքեր։ «Հիմա էլ եմ ասում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը պետք է վայրկյան առաջ բացվի։ Գեղեցիկ չէ, երբ տարիներով իրար հետ ապրել կարողացած ժողովուրդներին իրարից առանձնացնում են անհաղթահարելի սահմաններով։ Ժամանակն է, որ ատելությունը վերափոխվի սիրո։ Մեր ձեռքում է գտնվում պատմական ատելությանը վերջ դնելու հնարավորությունը»,- շեշտել է Էլիֆ Չաքըրը։